Հայտնի են Երևանի պետական համալսարանի 2026 թվականի ընդունելության արդյունքները։ ArmLur.am ուսումասիրել է, թե որ մասնագիտություններն են ամենապահանջված եղել դիմորդների շրջանում, իսկ որ ուղղություններում ընդունվածների թիվը մնացել է նվազագույնը։
2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ԵՊՀ բոլոր կրթական ծրագրերով դիմել էր 3 հազար 658 դիմորդ։ Համալսարանում ընդհանուր հատկացված տեղերի թիվը կազմել էր 2 հազար 389, որոնցից 465-ը՝ անվճար (պետպատվերով), իսկ 1 հազար 924-ը՝ վճարովի ուսուցման համակարգում։
Ամենապահանջված մասնագիտությունները
Դիմորդների թվով բացարձակ առաջատարը «Իրավագիտություն» կրթական ծրագիրն է, որին դիմել է 305 դիմորդ։ Հենց այս մասնագիտության դեպքում է արձանագրվել նաև ամենաբարձր մրցակցությունը. վճարովի համակարգում անցողիկ միավորը կազմել է 38.75-39.75։Սակայն ընդունվել է վճարովի՝ 138 ուսանող, իսկ անվճար ՝ 2 ուսանող։
Ամենապահանջված մասնագիտությունների ցանկում հաջորդում են.
- «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»՝ 239 դիմորդ,
- «Միջազգային հարաբերություններ»՝ 211 դիմորդ,
- «Սերվիս»՝ 187 դիմորդ,
- «Տնտեսագիտություն»՝ 161 դիմորդ,
- «Հոգեբանություն»՝ 145 դիմորդ,
- «Ֆինանսներ»՝ 139 դիմորդ,
- «Հանրային կառավարում»՝ 135 դիմորդ,
- «Կառավարում»՝ 124 դիմորդ։
Վճարովի համակարգում որտեղ են ամենաշատ ուսանողները
Վճարովի ընդունելության արդյունքներով առաջին տեղում «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագիրն է, որտեղ ընդունվել է ավելի քան 120 ուսանող։
Դրան հաջորդում են.
- «Միջազգային հարաբերություններ»՝ 109-ից ավելի ընդունված,
- «Միջմշակութային հաղորդակցություն (անգլերեն)»՝ 89-ից ավելի,
- «Կառավարում»՝ 68-ից ավելի,
- «Տնտեսագիտություն»՝ 60-ից ավելի,
- «Հոգեբանություն»՝ 60,
- «Հանրային կառավարում»՝ 57-ից ավելի,
- «Քաղաքագիտություն»՝ 52,
- «Իրավագիտություն»՝ 46-ից ավելի ուսանող։
Ո՞ր բաժիններում են ամենաքիչ ուսանողներն ընդունվել
Մյուս կողմից, մի շարք բնագիտական և հումանիտար մասնագիտություններում ընդունվածների թիվը զգալիորեն փոքր է եղել։
Ամենացածր ցուցանիշը գրանցվել է «Աշխարհագրություն» մասնագիտությունում, որտեղ ընդունվել է ընդամենը 4 ուսանող, իսկ առավելագույն միավորը կազմել է 22.50։
Ամենաքիչ ընդունվածներ ունեցող մյուս ծրագրերն են.
- «Արվեստաբանություն»՝ 6 ուսանող,
- «Սոցիալական մանկավարժություն»՝ 10,
- «Քարտեզագրություն և կադաստրային գործ»՝ 11,
- «Սոցիալական աշխատանք»՝ 16,
- «Ադրբեջանագիտություն»՝ 17,
- «Իրանագիտություն»՝ 19 ուսանող։
Որտե՞ղ են հատկացվել ամենաշատ անվճար տեղերը
Անվճար (պետպատվերով) տեղերի ամենամեծ թիվը հատկացվել է STEM՝ բնագիտական և ճշգրիտ գիտությունների ուղղություններին։
Առավելագույն՝ 47-ական անվճար տեղ հատկացվել է.
- «Ֆիզիկա»,
- «Ռադիոֆիզիկա և համակարգչային տեխնոլոգիաներ» կրթական ծրագրերին։
Դրանց հաջորդում են.
- «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»՝ 40 անվճար տեղ,
- «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն»՝ 26,
- 20-ական անվճար տեղ՝
- «Մաթեմատիկա»,
- «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա»,
- «Տեղեկատվական անվտանգություն»,
- «Կենսաբանություն»,
- «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա»։
Բացի այդ, 15 անվճար տեղ հատկացվել է «Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն» ծրագրին, իսկ 12-ական անվճար տեղ՝ «Քիմիա» և «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտություններին։
Այսպիսով, 2026 թվականի ընդունելության արդյունքները ցույց են տալիս, որ դիմորդների հետաքրքրությունը շարունակում է կենտրոնանալ իրավաբանական, տեղեկատվական տեխնոլոգիաների, միջազգային հարաբերությունների, տնտեսագիտական և կառավարման մասնագիտությունների վրա, մինչդեռ մի շարք բնագիտական և հումանիտար ուղղություններում ընդունվածների թիվը շարունակում է մնալ ցածր։
Ա․ Վարդանյան




























