Armenian text to speach

ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական կառավարման համակարգի անցնելուց հետո նախագահի ինստիտուտը վերածվեց հիմնականում ներկայացուցչական կառույցի։ Սակայն նույնիսկ այդ սահմանափակ լիազորությունների պայմաններում հանրությունն իրավունք ունի ակնկալելու հաշվետվողականություն, թափանցիկություն և տեսանելի գործունեություն։ Այսօր, սակայն, ՀՀ նախագահի աշխատակազմի գործունեության ուսումնասիրությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում։

Առաջին խնդիրը թափանցիկության պակասն է։ «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտեց, որ ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակվող տեղեկատվությունը սահմանափակ է և հաճախ չի տալիս ամբողջական պատկերացում, թե ինչպես են ծախսվում պետական միջոցները։ Գնումների վերաբերյալ վերջին հասանելի տեղեկությունները վերաբերում են դեռևս տարվա սկզբին կատարված մի քանի գնումների․ տվյալների հավաքման և դասակարգման ծառայության համար ծախսվել է 720 հազար դրամ, ապահովագրական ծառայությունների համար՝ 221 հազար դրամ։ Դրանից հետո նոր տեղեկություններ գրեթե չեն հրապարակվել, ինչը դժվարացնում է հանրային վերահսկողությունը պետական միջոցների օգտագործման նկատմամբ։

Թափանցիկության խնդիրը հատկապես ակնհայտ է այն պայմաններում, երբ նախագահի աշխատակազմը ֆինանսավորվում է պետական բյուջեից։ Հանրությունը պետք է կարողանա պարզել, թե ինչ ծրագրեր են իրականացվում, ինչ ծառայություններ են ձեռք բերվում և ինչ արդյունքներ են ապահովվում այդ ծախսերի դիմաց։ Սակայն առկա տեղեկատվությունը թույլ չի տալիս նման գնահատական տալ։

Երկրորդ խնդիրը գործունեության բովանդակային աղքատությունն է։ Նախագահի պաշտոնական կայքում հրապարակվող նորությունների զգալի մասը բաղկացած է շնորհավորական և ցավակցական ուղերձներից։ Օրինակ՝ կայքում հունիսի 17-ի հրապարակումներից մեկը վերաբերում է Իսլանդիայի ազգային տոնի առթիվ հղված շնորհավորական ուղերձին, իսկ վերջին շրջանի հրապարակումներում գերակշռում են տարբեր երկրների ղեկավարներին ուղղված շնորհավորանքները։

Իհարկե, պետության ղեկավարի ներկայացուցչական գործառույթների մաս է կազմում միջազգային տոների առիթով շնորհավորանքներ հղելը։ Սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք սա՞ է նախագահի ինստիտուտի հիմնական և ամենատեսանելի գործունեությունը։ Երբ պետական կառույցի տեղեկատվական հոսքը մեծամասամբ կազմված է արձանագրային հաղորդագրություններից, դժվար է հասկանալ, թե ինչ հավելյալ արժեք է ստեղծվում հանրության համար։

Խնդիրը միայն նախագահի անձը կամ գործող աշխատակազմը չէ։ Խնդիրը ինստիտուցիոնալ է։ Եթե նախագահի ինստիտուտն ունի տարեկան բյուջե, աշխատակազմ և վարչական ռեսուրսներ, ապա հասարակությունը պետք է տեսնի ոչ միայն շնորհավորական ուղերձներ, այլ նաև նախաձեռնություններ, վերլուծություններ, հանրային քաղաքականության վերաբերյալ դիրքորոշումներ, հասարակական խնդիրների շուրջ քննարկումներ և հաշվետվողական գործունեություն։

Այս իրավիճակում բնական հարց է ծագում․ եթե նախագահի ինստիտուտը փաստացի սահմանափակվում է արարողակարգային և խորհրդանշական գործառույթներով, ապա արդյո՞ք ներկայիս ծավալով պահպանվող կառույցը համապատասխանում է արդյունավետ պետական կառավարման սկզբունքներին։ Իսկ եթե ինստիտուտը կարևոր դեր ունի, ապա ինչո՞ւ այդ դերը չի արտահայտվում հանրությանը հասանելի, չափելի և թափանցիկ գործունեությամբ։

Ժողովրդավարական պետությունում ցանկացած պետական մարմին պետք է ոչ միայն գոյություն ունենա, այլ նաև հիմնավորի իր անհրաժեշտությունը՝ արդյունքներով, հաշվետվողականությամբ և բաց աշխատանքով։ ՀՀ նախագահի ինստիտուտի դեպքում այս երեք բաղադրիչների շուրջ հարցերը շարունակում են մնալ անպատասխան»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս