Ազգային ժողովի նորընտիր պատգամավորների թվում է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Լյուդվիգ Գյուլնազարյանը, որի քաղաքական կենսագրությունը վերջին երկու տարիներին աչքի է ընկել ոչ միայն պաշտոնական նշանակումներով, այլև աղմկահարույց միջադեպերով, ընտրական պարտությամբ և հակասական քննարկումներով։
Գյուլնազարյանը քաղաքական գործունեությունը ծավալել է որպես Փարաքար համայնքի ավագանու անդամ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։ 2024 թվականին նա ընտրվեց Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար՝ ստանալով ավագանու 11 անդամների աջակցությունը։
Սակայն նրա պաշտոնավարումը երկար չտևեց։ Նույն տարում տեղի ունեցած աղմկահարույց քրեական միջադեպից հետո, որի ընթացքում նա գտնվել էր կրակոցների վայրում և ստացել հրազենային վնասվածք, Գյուլնազարյանը հրաժարական ներկայացրեց։ Թեև նա պնդում էր, որ միջադեպի հետ որևէ առնչություն չի ունեցել, հայտարարեց, որ պաշտոնից հեռանում է՝ նախաքննությանը չխանգարելու համար։ Այդ դեպքը դարձավ նրա քաղաքական կենսագրության ամենաքննարկվող դրվագներից մեկը։
Սակայն ՔՊ-ում, կարծես, այդ պատմությունը չխանգարեց նրա քաղաքական առաջխաղացմանը։ Ընդհակառակը՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, կուսակցության ներքին փրայմերիզում նա դարձավ ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուներից մեկը՝ ստանալով 594 ձայն և զգալիորեն առաջ անցնելով մրցակիցներից։
2025 թվականի հունվարին Արմավիրի մարզպետի որոշմամբ Գյուլնազարյանը նշանակվեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Սակայն ընդամենը երկու ամիս անց՝ մարտի 30-ին կայացած արտահերթ ընտրություններում, նա չկարողացավ ստանալ համայնքի բնակիչների վստահությունը։ Ընտրություններում հաղթեց ընդդիմադիր թեկնածու Վալոդյա Գրիգորյանը, իսկ ՔՊ-ն զիջեց «Միասնություն» դաշինքին։ Այդ ընտրությունները ուղեկցվում էին լարված քաղաքական մթնոլորտով, իսկ ամիսներ անց համայնքը կրկին հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում՝ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո։
Գյուլնազարյանի անունը կրկին շրջանառվեց նաև 2026 թվականին։ Այդ ժամանակ հայտնի դարձավ, որ նա աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Արմավիրի մասնաճյուղի ղեկավարի պաշտոնում։ Միաժամանակ քննարկումների առիթ դարձավ այն հանգամանքը, որ նա ակտիվորեն ներգրավված էր ՔՊ-ի նախընտրական քարոզարշավում, ինչը հանրային դաշտում հարցեր առաջացրեց՝ արդյոք քարոզչությունն իրականացվել է աշխատանքային ժամերի հաշվին, թե ոչ։
Հետաքրքիր է նաև, որ, ի տարբերություն բազմաթիվ այլ պաշտոնյաների, Լյուդվիգ Գյուլնազարյանի կրթության վերաբերյալ հանրային աղբյուրներում գրեթե որևէ տեղեկություն հասանելի չէ։
Այս ամենի ֆոնին քաղաքական դիտորդների համար հարցական է մնում, թե ինչն էր այն հիմնական գործոնը, որի շնորհիվ ընտրություններում սեփական համայնքում պարտված գործիչը հայտնվեց Ազգային ժողովում։ Եթե Փարաքարի բնակիչները նրան չվստահեցին համայնքը ղեկավարելու մանդատը, ապա ինչու՞ ՔՊ-ն որոշեց վստահել նրան խորհրդարանական մանդատը։ Այդ հարցի պատասխանը, թերևս, դեռևս բաց է մնում։
Նանիկ Աղասյան




























