ArmLur.am-ը գրում է Ռուստամ Բաքոյանը կրկին խորհրդարանում է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր՝ եզդիական համայքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ստացել է նոր գումարման Ազգային ժողովի պատգամավորական մանդատ։ Բաքոյանը խորհրդարանում հայտնվել է 2019 թվականից , իսկ նրա անունը հանրությանը հայտնի է ոչ միայն քաղաքական գործունեությամբ, այլև տարիներ առաջ տեղի ունեցած աղմկահարույց պատմությամբ։
Մասնավորապես, 2022 թվականի հունիսին «Ազատությունը» անդրադարձել էր Բաքոյանի նախկին քաղաքացիական կնոջ հայտարարություններին։ Ըստ «Ազատության» հրապարակման՝ կինը նախ հաստատել էր, որ Բաքոյանի հետ երկու տարի ապրել է նույն հարկի տակ և համատեղ կյանքի ընթացքում, իր պնդմամբ, մի քանի անգամ բռնության է ենթարկվել։ Նա ասել էր, որ ամենավտանգավոր դեպքը տեղի է ունեցել 2020 թվականի վերջին։ Բաքոյանը հերքել էր իր նկատմամբ հնչած մեղադրանքները՝ հայտարարելով, որ հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
«Ազատությունը» գրել էր, որ կինը սկզբում հաստատել էր լրատվամիջոցին իր նախկին հայտարարությունների իսկությունը, սակայն նույն օրը՝ ավելի ուշ, կրկին կապ էր հաստատել և խնդրել հերքել իր խոսքերը։ Նա նշել էր, որ հունիսի 10-ին իր նկատմամբ բռնության վերաբերյալ հրապարակված հոդվածները չեն համապատասխանում իրականությանը և ներողություն էր խնդրել Բաքոյանից։
Հետաքրքրական է որ, այս սկանդալը տեղի ունեցավ մի մարդու շուրջ ով այդ ժամանակ Ազգային ժողովի Մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահն էր, ապա հետո նաև նախագահը։
Իսկ վերջին տարիների հայտարարագրերը ցույց են տալիս, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել Բաքոյանի ունեցվածքում։
2021 թվականին Բաքոյանը հայտարարագրել էր Արարատի մարզի Նոր Կյանք համայնքում գտնվող անհատական բնակելի տուն՝ հողամասով և տնտեսական շինություններով։ Գույքը ձեռք էր բերվել 2019 թվականի մայիսի 22-ին՝ համատեղ սեփականության իրավունքով։ Այդ տարվա ընթացքում նոր անշարժ գույք չէր ձեռք բերել և չէր օտարել։ Բանկային հաշիվներում տարվա սկզբին ունեցել էր 1 մլն 118 հազար 257 դրամ, իսկ տարեվերջին՝ 1 մլն 978 հազար 354 դրամ։ Կանխիկ դրամական միջոցները տարվա ընթացքում աճել էին․ 12 հազար դոլարից հասել էին 18 հազար դոլարի, իսկ 15 մլն դրամից՝ 23 մլն դրամի։ 2021 թվականի եկամուտը կազմել էր 7 մլն 361 հազար 860 դրամ՝ ԱԺ-ից ստացված աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված վճարումներ։
2022 թվականին Բաքոյանի հայտարարագրում շարունակում էր մնալ Վեդիում գտնվող անհատական բնակելի տունը։ Կանխիկ միջոցները տարվա սկզբին և վերջում կազմել էին 23 մլն դրամ և 18 հազար դոլար։ Բանկային հաշվի մնացորդը 1 մլն 185 հազար 874 դրամից տարեվերջին դարձել էր զրո։ Բաքոյանը նաև նշել էր, որ 90 և ավելի օր փաստացի տիրապետել է 2009 թվականի արտադրության Nissan ավտոմեքենայի։ Նրա տարեկան եկամուտը կազմել էր 8 մլն 785 հազար 890 դրամ, որից 8 մլն 209 հազար 890 դրամը ԱԺ աշխատակազմից ստացած աշխատանքի վարձատրությունն էր, իսկ 576 հազար դրամը՝ կենսաթոշակը։
2023 թվականին Բաքոյանի ունեցվածքում տեղի ունեցավ էական փոփոխություն․ նա դեկտեմբերի 5-ին Երևանում 32 մլն 400 հազար դրամով բնակարան ձեռք բերեց։ Վեդիում գտնվող տունը նույնպես պահպանվեց։ Կանխիկ միջոցները տարվա սկզբի 23 մլն դրամից տարեվերջին հասան 29 մլն 600 հազար դրամի, իսկ 18 հազար դոլարից՝ 28 հազար դոլարի։ 2023 թվականի ընդհանուր եկամուտը կազմել էր 43 մլն 539 հազար 180 դրամ։ Դրանից 32 մլն 400 հազարը «Ամերիաբանկից» ստացված վարկն էր, 10 մլն 443 հազար 180 դրամը՝ ԱԺ-ից ստացած աշխատավարձն ու դրան հավասարեցված վճարումները, իսկ 696 հազարը՝ կենսաթոշակը։
2024 թվականին Բաքոյանն արդեն հայտարարագրել էր երկու անշարժ գույք՝ Երևանում գտնվող բնակարան և Արարատի մարզի Վեդիում գտնվող անհատական բնակելի տուն՝ տնտեսական շինություններով։ Նոր գույք այդ տարի չէր ձեռք բերել և չէր օտարել։ Նա շարունակել էր փաստացի տիրապետել 2009 թվականի արտադրության Nissan-ին։ Բանկային հաշիվների ընդհանուր մնացորդը տարվա սկզբի 2 մլն 513 հազար 858 դրամից տարեվերջին նվազել էր մինչև 960 հազար 403.8 դրամ։ Միաժամանակ կանխիկ դոլարային միջոցները 28 հազարից հասել էին 35 հազարի, իսկ դրամային կանխիկը՝ 29 մլն 600 հազարից 40 մլն դրամի։ 2024 թվականի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել էր 25 մլն 15 հազար 140 դրամ։ Տարեվերջին վարկերի մայր գումարի մնացորդը կազմել էր 36 մլն 544 հազար 174 դրամ։ Այդ տարի Բաքոյանը նաև 4 մլն 700 հազար դրամի անշարժ գույքի վերանորոգման ծախս էր հայտարարագրել։
2025 թվականին նրա հայտարարագրում կրկին առկա են եղել Վեդիում գտնվող բնակելի տունն ու Երևանում գտնվող բնակարանը։ Նա հայտարարագրել է նաև 2009 թվականի արտադրության Nissan ավտոմեքենա, որը տարվա ընթացքում 90 և ավելի օր փաստացի տիրապետել է։ Բանկային հաշիվներում տարվա սկզբին ունեցել է մոտ 960.5 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ մոտ 5 մլն դրամ։
Առավել նկատելի փոփոխությունը կանխիկ միջոցների մասով է։ Եթե 2025 թվականի սկզբին Բաքոյանը հայտարարագրել էր 40 մլն դրամ և 35 հազար դոլար կանխիկ, ապա տարեվերջին այդ գումարները հասել էին 51.8 մլն դրամի և 45.4 հազար դոլարի։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում կանխիկ դրամն ավելացել էր 11.8 մլն դրամով, իսկ դոլարը՝ 10.4 հազար դոլարով։
2025 թվականին Բաքոյանի հայտարարագրած ընդհանուր եկամուտը կազմել էր 20 մլն 86 հազար 310 դրամ։ Դրանից 13 մլն 450 հազար 310 դրամը ԱԺ աշխատակազմից ստացած աշխատանքի վարձատրությունն էր, 636 հազար դրամը՝ կենսաթոշակը, իսկ 6 մլն դրամը՝ «Արդշինբանկից» ստացված փոխառությունը։ Տարեվերջին նրա վարկային պարտավորությունների մայր գումարի մնացորդը կազմել էր 41 մլն 576 հազար 164 դրամ, որից 31 մլն 512 հազար 776 դրամը բնակարանի հիպոթեքային վարկի մնացորդն էր։
Այսպիսով, 2021-2025 թվականների հայտարարագրերի համադրությամբ՝ Բաքոյանի հիմնական անշարժ գույքը 2021 թվականին առկա բնակելի տունն էր, իսկ 2023 թվականից նրա ունեցվածքին ավելացել է նաև Երևանում 32.4 մլն դրամով ձեռք բերված բնակարանը։ Միաժամանակ վերջին տարիներին էապես աճել են նրա հայտարարագրած կանխիկ միջոցները․ 2021 թվականի վերջի 23 մլն դրամից և 18 հազար դոլարից դրանք 2025 թվականի վերջին հասել են 51.8 մլն դրամի և 45.4 հազար դոլարի։
Բաքոյանը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո կրկին ստացել է պատգամավորական մանդատ և շարունակում է ներկայացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր գումարման Ազգային ժողովում։
Սոնա Գրիգորյան




























