ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը վերանշանակվելու են իրենց զբաղեցրած պաշտոններում։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական համակարգում արդեն իսկ քննարկվել է համապատասխան որոշումների նախագիծը, և առաջիկայում նախատեսվում է պաշտոնականացնել երեք պաշտոնյաների վերանշանակումները։
Խոսքը վերաբերում է պետական կառավարման այն ոլորտներին, որոնք անմիջական ազդեցություն ունեն հարկային քաղաքականության, անշարժ գույքի հաշվառման և քաղաքաշինական ծրագրերի իրականացման վրա։
Էդուարդ Հակոբյանը ղեկավարում է ՊԵԿ-ը՝ համակարգելով հարկային և մաքսային վարչարարությունը։ Սուրեն Թովմասյանը շարունակում է ղեկավարել Կադաստրի կոմիտեն, որը պատասխանատու է անշարժ գույքի պետական գրանցման և քարտեզագրման գործընթացների համար։ Եղիազար Վարդանյանը գլխավորում է Քաղաքաշինության կոմիտեն՝ համակարգելով շինարարական և քաղաքաշինական պետական քաղաքականությունը։
ArmLur.am-ի աղբյուրները նշում են, որ վերանշանակումների որոշումը պայմանավորված է ինչպես ընթացիկ ծրագրերի շարունակականությունն ապահովելու, այնպես էլ ոլորտներում արդեն սկսված բարեփոխումները չընդհատելու նպատակով։
Հատկանշական է, որ վերջին շրջանում իշխանական շրջանակներում քննարկվում էին մի շարք կառույցներում հնարավոր կադրային փոփոխություններ, սակայն, ըստ մեր տեղեկությունների, նշված երեք պաշտոնյաների դեպքում իշխանությունը հակված է պահպանել գործող ղեկավար կազմը։
Սոնա Գրիգորյան























































































