ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում նշանակել Աննա Բաբաջանյանին։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունն այս օրերին շարունակում է փոխնախարարների կազմի վերջնական ձևավորման գործընթացը, և ԿԳՄՍ նախարարությունում փոխնախարարի պաշտոնի համար որոշումը կանգ է առել Աննա Բաբաջանյանի թեկնածության վրա։
Աննա Բաբաջանյանի անունը մինչ այս լայնորեն չէր շրջանառվում որպես պետական համակարգի բարձր պաշտոնի հավակնորդ։ Սակայն, ըստ մեր տեղեկությունների, նա նախկինում աշխատել է ԿԳՄՍ համակարգում՝ այդ ժամանակ նախարարի տեղակալ Արևիկ Անափոսյանի օգնականը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին շրջանում Բաբաջանյանը աշխատանքի է անցել Երևանի պետական համալսարանում։ ԵՊՀ-ի պաշտոնական կայքի համաձայն՝ Աննա Կարենի Բաբաջանյանը ներկայում համալսարանի Ռազմավարական պլանավորման կենտրոնի տնօրենն է։ Համալսարանի հրապարակած տվյալներով՝ նա ծնվել է 1993 թվականին։
Այսինքն՝ եթե մեր տեղեկությունները հաստատվեն, ապա Բաբաջանյանը ԵՊՀ-ի Ռազմավարական պլանավորման կենտրոնի տնօրենի պաշտոնից կտեղափոխվի կառավարություն՝ ստանձնելով ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնը։
Հատկանշական է, որ ԵՊՀ-ի Ռազմավարական պլանավորման կենտրոնը զբաղվում է համալսարանի զարգացման ռազմավարության մշակմամբ, դրա իրականացման մշտադիտարկմամբ և կրթական ու ակադեմիական միջավայրի զարգացման գործընթացներով:
Սոնա Գրիգորյան


























