«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի ճակատագիրը այժմ կախված է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանի որոշումից։ Ինչպես հայտնի է, դատավորը մոտ 10 օր ժամանակ է խնդրել՝ որոշելու համար՝ փոխե՞լ Արգամ Աբրահամյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, թե՞ ոչ։ Ուշագրավ է, որ Սևակ Համբարձումյանը Վերաքննիչ քրեական դատարանի այն դատավորներից է, որի վարույթում հայտնվում են հանրային մեծ հետաքրքրություն առաջացրած քրեական գործեր։ Մասնավորապես, վերջերս նա մերժել էր «Չաղ Ռուստամ» մականունով հայտնի Ռուստամ Ստեփանյանի վերաբերյալ բողոքը և նրան կրկին ուղարկել էր կալանքի տակ։ Այս ֆոնին «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ով է Սևակ Համբարձումյանը և ինչ ունեցվածք է հայտարարագրել դատավորը։ Ուսումնասիրել ենք նրա հայտարարագրերը՝ սկսած 2021 թվականից մինչև 2025 թվականը։
Սևակ Համբարձումյանը ծնվել է 1966 թվականին Թալին քաղաքում։ 1991 թվականից աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում, իսկ 1996 թվականից՝ ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության ղեկավար։ 1999 թվականից առ այսօր Սևակ Համբարձումյանն աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։
2021 թվական․ 31.8 մլն դրամ կանխիկ գումար և հինգ անշարժ գույք
2021 թվականի սկզբին դատավորի հայտարարագրում առկա է եղել հինգ անշարժ գույք։ Դրանցից երկուսը Արագածոտնի մարզի Թալինում գտնվող հողամասեր են, որոնք ձեռք են բերվել դեռևս 1991 թվականի մարտի 30-ին։ Թալինում Համբարձումյանը ունեցել է նաև հասարակական նշանակության շինություն՝ 2/4 բաժնային սեփականությամբ, որը ձեռք է բերվել 2012 թվականի ապրիլի 13-ին՝ նվիրատվության եղանակով։ Դատավորի ունեցվածքում եղել են նաև երկու անհատական բնակելի տներ՝ տնտեսական շինություններով։ Դրանցից մեկը գտնվել է Թալինում և ձեռք է բերվել 2003 թվականի հոկտեմբերի 20-ին, իսկ մյուսը՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում, որը ձեռք է բերվել 2003 թվականի դեկտեմբերի 23-ին։
2021 թվականի ընթացքում Համբարձումյանը որևէ անշարժ գույք չի ձեռք բերել կամ օտարել, և տարեվերջին հայտարարագրում պահպանվել են նույն հինգ անշարժ գույքերը։ Նույն տարվա սկզբին դատավորի հայտարարագրում եղել է 2013 թվականի արտադրության Lexus մակնիշի ավտոմեքենա։ Այն ձեռք է բերվել 2014 թվականի նոյեմբերի 15-ին՝ գնման եղանակով։ 2021 թվականի ընթացքում մեքենան չի օտարվել, և այն պահպանվել է նաև տարեվերջին։
2021 թվականին Սևակ Համբարձումյանը աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարների տեսքով ստացել է 15 մլն 50 դրամ եկամուտ։ Եկամուտը վճարել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը։ Դատավորի բանկային հաշվի մնացորդը 2021 թվականի սկզբում կազմել է 5 մլն 504 հազար 310 դրամ, իսկ տարեվերջին՝ 4 մլն 543 հազար 758 դրամ։ Այսինքն՝ բանկային հաշվի միջոցները մեկ տարվա ընթացքում նվազել են 960 հազար 552 դրամով։ Միևնույն ժամանակ, կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբի 29 մլն 800 հազար դրամից տարեվերջին հասել են 31 մլն 800 հազար դրամի՝ ավելանալով 2 մլն դրամով։
2025 թվական․ Jaguar և 31.7 մլն դրամ կանխիկ
Եթե 2021 թվականին Սևակ Համբարձումյանի հայտարարագրում առկա էր Lexus մակնիշի ավտոմեքենա, ապա 2025 թվականի հայտարարագրում արդեն նշված է 2018 թվականի արտադրության Jaguar։ Այն ձեռք է բերվել 2024 թվականի հուլիսի 1-ին՝ գնման եղանակով, և 2025 թվականի վերջին շարունակում էր մնալ դատավորի ունեցվածքում։
2025 թվականի սկզբին և տարեվերջին Համբարձումյանի հայտարարագրում առկա է եղել նույն՝ հինգ անշարժ գույքը։ Դրանցից մեկը Արագածոտնի մարզի Թալինում գտնվող անհատական բնակելի տուն է, որի 2/3 բաժինը նա ձեռք է բերել 2023 թվականի օգոստոսի 11-ին՝ նվիրատվության եղանակով։ Մյուս բնակելի տունը գտնվում է Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և ձեռք է բերվել 2003 թվականի դեկտեմբերի 23-ին։ Նրա գույքում է նաև Թալինում գտնվող հասարակական նշանակության շինությունը, որի 2/4 բաժինը ձեռք է բերվել 2012 թվականին՝ նվիրատվության միջոցով, ինչպես նաև 1991 թվականին ձեռք բերված երկու հողամասերը։
Դատավորի եկամուտը 2025 թվականին կազմել է 18 մլն 581 հազար 244 դրամ։ Այն ներկայացված է որպես աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ, որոնք ստացել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմից՝ Դատական դեպարտամենտից։
2025 թվականի սկզբին Սևակ Համբարձումյանի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 3 մլն 900 հազար 675 դրամ, իսկ տարեվերջին՝ 4 մլն 333 հազար 852 դրամ։ Կանխիկ դրամական միջոցները տարվա ընթացքում ավելացել են 2 մլն 100 հազար դրամով։ Եթե 2025 թվականի սկզբին նա հայտարարագրել էր 29 մլն 600 հազար դրամ, ապա տարեվերջին կանխիկ գումարը կազմել է 31 մլն 700 հազար դրամ։
Այսպիսով, բանկային հաշվի և կանխիկ միջոցների համադրությամբ՝ 2025 թվականի սկզբի 33 մլն 500 հազար 675 դրամի փոխարեն տարեվերջին Սևակ Համբարձումյանի դրամական միջոցները կազմել են 36 մլն 33 հազար 852 դրամ՝ ավելանալով 2 մլն 533 հազար 177 դրամով։
2021-2025 թվականներին Սևակ Համբարձումյանի անշարժ գույքի քանակը չի փոխվել՝ պահպանվել է հինգ միավորը, սակայն Lexus-ը փոխարինվել է Jaguar-ով, եկամուտը 15 մլն 50 դրամից հասել է 18 մլն 581 հազար 244 դրամի»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։



























