Արարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը։
Մեզ հայտնի դարձավ, որ Արարատի մարզում՝ հայտնի «Հրաշք այգի» ռեստորանում, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել։ Արտաշատի ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է հնարավոր վրեժխնդրությունը, իսկ հիմնական մասնակիցները բերման են ենթարկվել։ Դատարանը նրանցից մի քանիսի նկատմամբ տնային կալանք է կիրառել։ Նրանց թվում է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը։
Վիճաբանությունը տեղի է ունեցել Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդ Գոքորի «Հրաշք այգի» ռեստորանում։
Shamshyan.com-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 10-ին հերթական վիճաբանություն-ծեծկռտուքն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ օրը՝ ժամը 23:20-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ խոշորացված համայնքի Դիտակ բնակավայրում գործող «Հրաշք այգի» ռեստորանային համալիրում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արտաշատի համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամը 23:00-ի սահմաններում նշված ռեստորանային համալիրի 6-րդ սրահի հաճախորդներ՝ Արարատի մարզի բնակիչներ 49-ամյա Արմենակ Հ.-ն, 40-ամյա Սևան Խ.-ն, 38-ամյա Գոռ Հ.-ն, 39-ամյա Ալբերտ Ն.-ն, 40-ամյա Ռաֆայել Հ.-ն, 50-ամյա Արարատ Լ.-ն և 37-ամյա Գոռ Խ.-ն, ռեստորանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ տեսանկարահանում կատարելու հարցի շուրջ վիճաբանել են նույն ռեստորանի մյուս հաճախորդների հետ։ Նրանք, ըստ հաղորդման, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, տևական ժամանակ հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, ինչն այնուհետև վերածվել է փոխադարձ հարվածների։ Դրա հետևանքով խաթարվել է նաև ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձանց մեծ մասին համայնքային ոստիկանները «տաք հետքերով» հայտնաբերել և խուլիգանություն կատարելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Արտաշատի բաժին։ Բաժին են հրավիրվել նաև նշված ռեստորանի մի քանի աշխատակիցներ, որոնք կատարվածի վերաբերյալ բանավոր հաղորդումներ են ներկայացրել։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ միջադեպի մասնակիցներից Գոռ Հ.-ն, Գոռ Խ.-ն, Սևան Խ.-ն և Ռաֆայել Հ.-ն դատարանի որոշմամբ վերցվել են տնային կալանքի։ Քննիչը նրանց նկատմամբ կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատի նստավայր։
Քնար Մանուկյան




























