Հայկական մայդան` թավշյա եղանակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր ժամանակներ» կուսակցությունն իր ակտիվի հավաքի ժամանակ ընդունել է հայտարարություն այն մասին, որ «Հայաստանում արմատական բարեփոխումներն այլընտրանք չունեն, ինչը հնարավոր է բացառապես հեղափոխական ճանապարհով, որը իր բնույթով պետք է լինի թավշյա»:

 Armlur.am-ի հետ զրույցում «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանն ասաց, որ թավշյա հեղափոխություն ասվածը հանդարտ, անցնցում իշխանափոխությունն է ժողովրդի մասնակցությամբ:

– Այսինքն` հայկական մայդան առանց զինված բախումների: Համաշխարհային պատմության մեջ եղել են  թավշյա հեղափոխության  օրինակներ: 1980-ականների գրեթե  բոլոր հեղափոխությունները թավշյա են: Ասեմ, որ աշխարհաքաղաքական գործընթացներն այսօր այնպես են ընթանում, որ ՀՀ իշխանությունները շուտով հրաժարական կտան հենց թավշյա հեղափոխության ճանապարհով: 

-Բայց Սերժ Սարգսյանից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարությամբ հանդես եկավ և ասաց, որ նախագահի ու վարչապետի պաշտոնին հավակնողների ուղին անցնելու է ՄելիքԱդամյան փողոցով:

-Իրենք մտածում են, որ ՀՀԿ-ն ապագա 10 տարում  կլինի  կարևոր դերակատար քաղաքական կյանքում, բայց դա այդպես չի լինի : Ես վստահ եմ` ուկրաինական դեպքերը բերելու են խիստ առճակատման, ավելին` այդ դեպքերի  սոցիալական, քաղաքական ելևէջները դրսևորվելու են նաև Հայաստանում: Եթե այստեղ համակարգն այնքան թուլանա, որ  առանց ուժի կիրառման հնարավոր  լինի գնալ իշխանափոխության, ապա  «Նոր ժամանակներ»-ը թավշյա հեղափոխության  գործընթացը կսկսի, եթե իհարկե,  այդ ընթացքում ժողովրդի վիճակն այնքան լավացած լինի, որ չուզենա փողոց դուրս գա:  Թավշյա հեղափոխությունն անհրաժեշտ է, քանի որ միայն այդ դեպքում Հայաստանը քաղաքական դաշտում որպես ինքնուրույն օբյեկտ և սուբյեկտ  կարող է  հանդես գալ:

-Կա տեսակետ, որ ժողովուրդը հիասթափվել է քաղաքական ուժերից  ու  այլևս փողոց դուրս չի գա: 

-Մենք ոչ մի անգամ ժողովրդին չենք խաբել ու էլի մարդիկ կան, որ չեն խաբել ու հիասթափեցրել ժողովրդին, օրինակ՝ Սասուն Միքայելյանը:

-Պրն Կարապետյան, արդյոք ժողովուրդը պատրաստ է  համախմբվել հեղափոխական գաղափարի շուրջ: 

-Միանշանակ: Հեղափոխությունն այլընտրանք չունի:

– Մի անգամ ՀԱԿ-ն էլ փորձեց, բայց կիսատ մնաց. թեեւ նրանք դեռ շարունակում են պնդել, որ կարող են առաջնորդել մասսաներին:

-Մենք ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ճանապարհ ենք անցել ու չէի ասի, որ քիչ դեր ենք ունեցել: Իմիջիայլոց, մենք «նստեցինք», իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ոչ: Միշտ հիշե´ք, ձերբակալում-տանում են նրանց, որոնցից  վտանգ են զգում:

-Թավշյա հեղափոխությունն իրականացնելու համար  պատրա՞ստ եք քաղաքական այլ ուժերի հետ համագործակցել:

-Համագործակցելու հարց չկա, թավշյա հեղափոխությունն այնպիսի բան է, որ եթե սկսվեց, ապա  կհավաքվեն այն ուժերը, որոնք ցանկություն կունենան դա անելու:

Սոնա Դավթյան




Լրահոս