Armenian text to speach

Նոյեմբերյանում ընտրություններ են․ ով է ուզում դառնալ համայնքապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում նաև Շիրակի Նոյեմբերյան խոշորացված համայնքում։ Համայնքի ներկայիս ղեկավար «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով առաջադրված Արսեն Աղաբաբյանը արդեն հայտնել է սպասվող ընտրություններին իր մասնակցության մասին։

Նոյեմբերյանը բավականին հետաքրքիր համայնք է ՏԻՄ ընտրությունների տեսանկյունից։ 2021-ի ՏԻՄ ընտրություններին այստեղ նկատվեց մյուս համայնքներին ոչ այդքան բնորոշ պատկեր․ չնայած իշխող ՔՊ-ի թեկնածու Կարեն Աբազյանը հավաքել էր ձայների մեծամասնությունը՝ նրան չհաջողվեց դառնալ համայնքապետ, քանի որ մյուս երկու կուսակցությունները՝ «Ապրելու երկիր» և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք», կոալիցիա կազմեցին և կարողացան հասնել իրենց ընդհանուր թեկնածու Արսեն Աղաբաբյանի հաղթանակին։

Աղաբաբյանը ծնվել է 1973 թվականին, ունի ավտովարորդ-փականագործի, պահածոյագործի և իրավագետի որակավորումներ։ Աշխատել է Գուգարքի տարածքային մաքսատան Բագրատաշենի մաքսակետում որպես տեսուչ, այնուհետ՝ հերթափոխի պետ։ Ապա աշխատել է որպես Կողբի գյուղապետ, ապա վերընտրվել նույն պաշտոնում մինչև 2012-ը։ Դրանից հետո 4 տարի զբաղվել է ձեռներեցությամբ, ապա ընտրվել Կողբ խոշորացված համայնքի համայնքապետի պաշտոնում։ Իսկ արդեն 2021-ին ընտրվել է Նոյեմբերյան համայնքի ղեկավար։ 2023-ին ընտրվել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։

Աղաբաբյանը պարբերաբար հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, ընդ որում նաև այս աշնան սկզբին։

2025-ի նոյեմբերին ArmLur.am-ը գրել էր, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Աղաբաբյանի կողմից շահերի բախման առերևույթ դեպքի վերաբերյալ վարույթ հարուցելու մասին որոշում էր ընդունել՝ հաշվի առնելով «Հետքի» հրապարակումը։ Այդ հրապարակման համաձայն՝ համայնքի ղեկավարի առաջարկով ավագանին համաձայնություն էր տվել համայնքային գույքը 4 տարի ժամկետով վարձակալության հանձնել Աղաբաբյանի օգնականի ընկերությանը, որի հետ էլ Աղաբաբյանը պայմանագիր էր կնքել։ Հետագայում, երբ ընկերության տնօրեն էր դարձել համայնքի ղեկավարի որդին, վարձակալության ժամկետը չորսից դարձել էր 25 տարի։ Հանձնաժողովը նաև արձանագրել էր, որ Աղաբաբյանի 2024 թվականի մարտի 14-ի որոշմամբ համայնքի բյուջեից 180 հազար դրամ էր տրամադրվել «Կամո Մամյան» ԱՁ-ին։ Աղաբաբյանը պարզաբանել էր, որ գումարը նախատեսված էր «Ապրելու» բարեգործական հիմնադրամի հիմնադիրների հետ հանդիպման և դրա ծախսերի համար, իսկ որոշման մեջ «Ապրելու երկիր» կուսակցություն նշվել էր փաստաթղթային սխալի հետևանքով։ Այդ «սխալմունքը» հաշվի առնելով՝ Հանձնաժողովը եզրակացրել էր, որ Աղաբաբյանը չի կատարել մասնավոր շահով պայմանավորված գործողություն և որոշել էր փակել գործը։

Իսկ արդեն այս օգոստոսի 31-ին մամուլում տարածվեց տեղեկություն, որ Աղաբաբյանին ձերբակալել է Հակակոռուպցիոն կոմիտեն, որը հետագայում հաստատեց տեղեկությունը։ Սակայն հաջորդ օրը համայնքապետը ազատ էր արձակվել հարցաքննությունից հետո։ Կոմիտեն պաշտոնապես չէր հայտնել ձերբակալության պատճառը, բայց ըստ «Հրապարակ» թերթի տվյալների նա հարցաքննվել էր «մի հին գործով»։ «Հրապարակը» այդ ձերբակալությունը որակել էր, որպես իշխանության կողմից ոչ ՔՊ-ական համայնքապետին վախեցնելու փորձ։

Նոյեմբերյանի առաջիկա ընտրությունները խոստանում են բավականին ուշագրավ լինել։ Դրանք ցույց կտան՝ արդյոք Աղաբաբյանին կհաջողվի նորից վերընտրվել, թե ՔՊ-ն կառաջադրի նոր թեկնածու և այս անգամ կկարողանա հասնել հաղթանակին։

Աննա Հանյան




Լրահոս