Գերմանիայի կրթության նախարար Կարին Պրիենը խիստ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ռուսաստանյան դիզելային վառելիքի գնման վերաբերյալ պայմանավորվածության և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն փոխելու նրա կոչի համար։ Գերմանացի նախարարի կարծիքով, Վաշինգտոնը հրաժարվում է բարոյական սկզբունքներից՝ հանուն վառելիքի գների նվազման։
«Մի քանի լիտր դիզվառելիքի համար։ Ի՜նչ բարոյական սնանկություն», — շաբաթ երեկոյան X սոցիալական ցանցում գրել է Պրիենը՝ մեկնաբանելով ամերիկացի նախագահի հայտարարությունների մասին գերմանական պարբերականի հրապարակումը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Զելենսկին բաց է թողել պատերազմն ավարտելու մի քանի հնարավորություններ և կոչ էր արել Ուկրաինային ընտրել նոր առաջնորդ։ Սպիտակ տան ղեկավարի կարծիքով, Ուկրաինայի նախագահը չի օգտվել հակամարտության դադարեցման շուրջ պայմանավորվելու հնարավորություններից։
Թրամփը նաև մեղադրել է Կիևին ռուսաստանյան էներգետիկ հատվածին հասցված հարվածների պատճառով դիզելային վառելիքի պակասի խորացման մեջ։
Ավելի վաղ Զելենսկին քննադատել էր ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, որը նախատեսում է մեղմացնել ռուսաստանյան դիզվառելիքի վաճառքի նկատմամբ սահմանված պատժամիջոցային սահմանափակումները։ Այն Մոսկվային թույլ է տալիս վառելիք մատակարարել համաշխարհային շուկա՝ բարձր գները նվազեցնելու նպատակով։
«Թույլ տալ Ռուսաստանին վաճառել նավթամթերք՝ նշանակում է ներդրում անել պատերազմում, որը պետք է ավարտել, ոչ թե ձգձգել», — հայտարարել է Ուկրաինայի նախագահը։




























