ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում հավաստիացրեց, որ ՀՀ տարբեր մարզերում իր կողմից իրականացվող բարեգործական ակցիաները քաղաքական բնույթ չեն կրում եւ կուսակցության շահերին չեն ծառայում: Նա նշեց, որ նման ակցիաներն իրականացվում են տարիներ շարունակ:
-Պարո՛ն Քուշկյան, վերջին ժամանակներս Դուք բարեգործական ակցիաների շրջանակներում տարբեր մարզերում մարդկանց անվճար բուժում եք: Արդյո՞ք ակցիային մասնակցող բժիշկները լրացուցիչ վարձատրվում են:
-Բժիշկներն այդ աշխատանքն անվճար են կատարում, բայց մենք ընդհանրապես իրենց կատարած աշխատանքի ավարտից հետո խրախուսում ենք: Հիմնականում դա կամավոր է կատարվում: Այն բժիշկները, որոնք «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկներն են` իմ գործընկերները, որոնք ցանկություն ունեն օգնելու, իրենք ընդգրկվում են այդ խմբի մեջ եւ անվճար կատարում են հետազոտություններ, խորհրդատվություններ, իսկ այն հիվանդները, որոնք կարիք ունեն բուժման, իրենք ուղեգրվում են «Էրեբունի» հիվանդանոց եւ էլի անվճար բուժում ստանում:
-Իսկ այդ նույն բժիշկները ցանկություն ունե՞ն բարեգործություն անել ԲՀԿ-ի համար:
-Իրենք կամավոր են այդ աշխատանքը կատարում, եւ ինչպես տեսնում եք, շատ պրոֆեսիոնալ ձեւով եւ շատ սիրով կատարում են իրենց աշխատանքը:
-Բայց դրա համար Ձեզ մեղադրում են` նշելով, թե Դուք Ձեր պաշտոնական դիրքն օգտագործում եք եւ այդ բարեգործությունը Ձեր կուսակցության շահերին եք ծառայեցնում` չնայած, որ այդ հիվանդանոցը Ձեր սեփականությունն է:
-Բայց ես ինչո՞ւ եմ իմ պաշտոնը չարաշահում, ես իմ հիվանդանոցների ռեսուրսներով օգնում եմ ժողովրդին: Եւ ես ոչ միայն այս տարի եմ այդ ակցիաներն անում, այլեւ եթե Դուք նայեք, բոլոր տարիներին էլ «Էրեբունի» հիվանդանոցն այդ բարեգործությունը կատարում է: Այս բարեգործությունն առաջին կամ երկրորդ տարին չէ, «Էրեբունի»-ն մի յուրահատուկ հիվանդանոց է, որը հարուստ ռեսուրսներ ունի: Եւ ես չեմ էլ պատկերացնում` Հայաստանը, մեր համակարգն առանց այդ հիվանդանոցի լիարժեք լինի, ուղղակի ես անհարմար եմ համարում ասեմ… օրինակ` այդպիսի օր չկա, որ ես մեկին չօգնեմ` տարբեր տիպի մարդիկ, պարտադիր չէ ապահով կամ անապահով, ես հնարավորություն ունեմ, մարդկանց օգնում եմ: Ես կարծում եմ, որ ես ճիշտ եմ անում:
-Իսկ Ձեզ որտեղի՞ց այդ գումարները` Ձեր նշած չափով բարեգործություն անելու համար:
-Ես համարում եմ, որ հասել եմ նրան, որ կարող եմ ինձ թույլ տալ նման բան անել: Ես էլի եմ ասել, եւ եթե հիշում եք, Ազգային Ժողովի ամբիոնից էլ եմ ասել` այդ բարեգործություն-ակցիան կազմակերպում է «Ծառուկյան» հիմնադրամը, ինքն է կազմակերպում, ուղղակի իրականացնում ենք մենք մեր բժիշկներով: Այդ գումարներն էլ «Ծառուկյան» հիմնադրամն է տրամադրում: Մենք նմա՞ն ենք փակ բան անող մարդու, ամեն ինչն էլ շատ պարզ ձեւով ենք կազմակերպում: Շատ պարզ, ազնիվ գործ է, եւ որեւէ թաքուն բան չկա, ու նոր բան չկա, դա մենք տարիների ընթացքում արել ենք եւ էլի ենք անելու:
-Պարո՛ն նախարար, երբ սննդամթերքը թանկանում է, կապում են միջազգային գների հետ, իսկ երբ բժիշկների ծառայություններն են թանկանում, դա ինչի՞ հետ է կապված:
-Համենայնդեպս, կարող եմ հաստատ ասել, որ բժշկությունն այնքան չի թանկացել, որքան սնունդը: Մենք այս տարի փորձելու ենք ե՛ւ զսպել գները, ե՛ւ եթե կարողանանք, նաեւ կնվազեցնենք դա, այս տարի փորձելու ենք: Դրանք հեշտ բաներ չեն, քանի որ անմիջապես մեր ազդեցության տակ չեն: Բայց, ամեն դեպքում, մենք փորձում ենք այնպիսի մեխանիզմներ մտածել, որ կարողանանք զսպել աճը եւ ոչ միայն դեղերինը:
ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԱՇՎԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ