ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների ունեցվածքը։ Այս անգամ ArmLur.am-ն ուսումնասիրել է ՀՌՀ անդամ Հասմիկ Հակոբյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը և պարզել, թե ինչ անշարժ ու շարժական գույք, դրամական միջոցներ և եկամուտներ է նա հայտարարագրել։
Հասմիկ Հակոբյանը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ է 2023 թվականի դեկտեմբերի 6-ից։ Նա ծնվել է 1979 թվականի հունվարի 21-ին։ Բացի պետական պաշտոնից՝ Հակոբյանը «Գրանիշ գրական համայնք» հասարակական կազմակերպության նախագահն է։
Անշարժ գույք
ArmLur.am-ը հայտարարագրից պարզել է, որ Հասմիկ Հակոբյանը 2025 թվականի սկզբին ունեցել է համատեղ սեփականության իրավունքով երկու անշարժ գույք՝ հողամաս և անհատական բնակելի տուն՝ տնտեսական շինություններով։ Երկուսն էլ գտնվում են Արարատի մարզի Արտաշատ համայնքի Ազատավան գյուղում և ձեռք են բերվել դեռևս 2001 թվականի ապրիլի 20-ին՝ ժառանգությամբ։
Տարեվերջի դրությամբ նշված երկու անշարժ գույքերը շարունակում են մնալ նրա հայտարարագրում։ 2025 թվականի ընթացքում Հակոբյանը նոր անշարժ գույք չի ձեռք բերել և առկա գույքից որևէ մեկը չի օտարել։
Միևնույն ժամանակ, հայտարարագրի համաձայն՝ Հասմիկ Հակոբյանը 90 և ավելի օր փաստացի տիրապետել է նաև Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բնակարանի։

Տրանսպորտային միջոց
ՀՌՀ անդամը հայտարարագրել է նաև 2006 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի մարդատար ավտոմեքենա։ Այն ձեռք է բերել 2019 թվականի ապրիլի 16-ին՝ գնման եղանակով։ Տարվա ընթացքում նա այլ տրանսպորտային միջոց չի ձեռք բերել կամ օտարել։

Դրամական միջոցներ
Հասմիկ Հակոբյանի բանկային հաշվի մնացորդը 2025 թվականի սկզբին կազմել է 105 հազար 369 դրամ, իսկ տարեվերջին՝ 34 հազար 526 դրամ։
Սակայն նրա կանխիկ դրամական միջոցներն աճել են։ Եթե 2025 թվականի սկզբին Հակոբյանը հայտարարագրել էր 6 մլն 500 հազար դրամ կանխիկ գումար, ապա տարեվերջին այդ գումարը կազմել է 8 մլն դրամ։ Այսինքն՝ տարվա ընթացքում կանխիկ միջոցներն ավելացել են 1 մլն 500 հազար դրամով։


Եկամուտ
ArmLur.am-ը ուսումնասիրել է նաև ՀՌՀ անդամի՝ 2025 թվականի եկամուտները։ Հայտարարագրի համաձայն՝ Հասմիկ Հակոբյանի ընդհանուր եկամուտը կազմել է 11 մլն 131 հազար 914 դրամ։
Նշված գումարից 8 մլն 593 հազար 795 դրամը աշխատանքի վարձատրություն է, որը ստացել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից։
Բացի այդ, նա 2 մլն 130 հազար 930 դրամի հեղինակային վարձատրություն է ստացել «Գրանիշ գրական համայնք» ՀԿ-ից, որի նախագահն է։ Եվս 100 հազար 2 դրամ նա ստացել է «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման կազմակերպությունից՝ քաղաքացիաիրավական այլ պայմանագրով։
Հայտարարագրում որպես եկամուտ նշված են նաև ԱյԴի Բանկից ստացված երկու վարկերը՝ համապատասխանաբար 119 հազար և 188 հազար 187 դրամի չափով։ Դեկտեմբերի 31-ի դրությամբ այդ վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է համապատասխանաբար 50 հազար 4 և 37 հազար 423 դրամ, ընդհանուր՝ 87 հազար 427 դրամ։

«Գրանիշ» և պետական պայմանագրեր
Հատկանշական է, որ Հասմիկ Հակոբյանը ոչ միայն «Գրանիշ գրական համայնք» ՀԿ-ի նախագահն է, այլև այդ կազմակերպությունից ստացել է հեղինակային վարձատրություն։
Նրա հայտարարագրի շահերի բաժնում ներկայացված են նաև Հայաստանի ազգային գրադարանի հետ կնքված երկու պայմանագրեր։ Առաջինը 2024 թվականի փետրվարի 14-ին կնքված՝ «Ոչ պետական մամուլի հրատարակում» դրամաշնորհային պայմանագիրն է՝ 4 մլն 900 հազար դրամ արժեքով։ Հայտարարագրի համաձայն՝ պայմանագրով ամբողջ գումարը՝ 4 մլն 900 հազար դրամը, փաստացի վճարվել է։
Երկրորդը չինական գրականությունը հայերեն թարգմանելու և հրատարակելու ծառայությունների մատուցման պայմանագիրն է՝ 9 մլն 46 հազար 507 դրամ արժեքով։ Այն կնքվել է 2023 թվականի նոյեմբերի 16-ին, իսկ հայտարարագրում նշված է, որ դրա կատարման ժամկետը 2024 թվականն է։ Այս պայմանագրով նույնպես փաստացի վճարվել է ամբողջ գումարը՝ 9 մլն 46 հազար 507 դրամը։

Այսպիսով, ՀՌՀ անդամ Հասմիկ Հակոբյանը հայտարարագրել է Ազատավան գյուղում գտնվող համատեղ սեփականության իրավունքով հողամաս և բնակելի տուն, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում փաստացի տիրապետվող բնակարան, 2006 թվականի MERCEDES-BENZ ավտոմեքենա, 8 մլն դրամ կանխիկ գումար և 11 մլն 131 հազար 914 դրամ տարեկան եկամուտ։
Սոնա Գրիգորյան




























