Armenian text to speach

Հորդանանն ամբողջ երկրում արգելափակել է Telegram հավելվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հորդանանի իշխանություններն ամբողջ երկրի տարածքում արգելափակել են Telegram հաղորդագրությունների հավելվածը։ Որոշման մասին երկուշաբթի՝ նոյեմբերի 16-ին, հայտարարել է Հորդանանի Հանրային անվտանգության վարչությունը։

Վարչության հաղորդագրության համաձայն՝ սահմանափակումը կիրառվել է թվային անվտանգության ամրապնդման, օգտատերերի պաշտպանության և առցանց հարթակների անօրինական օգտագործումը կանխելու նպատակով։

Հանրային անվտանգության վարչությունից նշել են, որ միջոցառման նպատակն է կանխել թվային հարթակների օգտագործումը կիբերհանցագործությունների, սպառնալիքների և շանտաժի համար, ինչպես նաև սահմանափակել անօրինական բովանդակության, այդ թվում՝ հանրային անվտանգությանը և ազգային անվտանգությանը սպառնացող ծայրահեղական նյութերի տարածումը։

Գերատեսչության հայտարարության մեջ ընդգծվել է, որ որոշումն ընդունվել է գործող օրենսդրության շրջանակում և ուղղված է թվային հարթակների ոչ պատշաճ օգտագործման հետ կապված ռիսկերից հասարակության պաշտպանությանը։

Հորդանանի Հանրային անվտանգության վարչությունը քաղաքացիներին կոչ է արել սոցիալական ցանցերից և հաղորդագրությունների հավելվածներից օգտվելիս զգոն լինել, չփոխգործակցել կասկածելի հաշիվների հետ, չբացել անհայտ աղբյուրներից ստացված հղումները և անօրինական գործունեության կամ բովանդակության մասին տեղեկացնել իրավասու մարմիններին։

Վարչությունը նաև կարևորել է ծնողական վերահսկողությունը՝ ընտանիքներին հորդորելով հետևել երեխաների առցանց գործունեությանը, նրանց իրազեկել թվային վտանգների մասին և խրախուսել տեխնոլոգիաների անվտանգ ու պատասխանատու օգտագործումը։

Բացի այդ, ծնողներին խորհուրդ է տրվել կիրառել ծնողական վերահսկողության հասանելի գործիքները՝ երեխաներին վնասակար առցանց բովանդակությունից և անցանկալի շփումներից պաշտպանելու համար։

Գերատեսչությունը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու թվային հարթակների միջոցով իրականացվող կիբերհանցագործությունների և այլ իրավախախտումների դեմ՝ հասարակական անվտանգությունն ապահովելու նպատակով։

Այս մասին հայտնում է Հորդանանի պետական Petra լրատվական գործակալությունը։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս