Նոյեմբերի 17-ին «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը հայտնել է, որ ուսումնասիրությունների արդյունքում կրկին անհամապատասխանություններ են հայտնաբերվել: Այս մասին Բաբկեն Պիպոյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Քաղաքացիների խնդրանքով ստուգվել են Դիլի և Թամարա ընկերությունների տարբեր արտադրատեսակները: Դիլի ընկերությունից նմուշառվել են կաթ, թթվասեր և պանիր: Կաթում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրեններ, իսկ 20% թթվասերում աղիքային ցուպիկի մանրեններ և խմորասնկեր:
Անհամապատասխանություններ են գրանցվել Թամարա ընկերության 2.3% կաթում, և աղիքային ցուպիկի մանրեններ են գրանցվել Թամարայի կաթնաշոռում:
Հետազոտություններ են պլանավորվում իրականցնել նաև մսամթերքի արտադրատեսակներում: Բոլոր ուսումնասիրությունները կատարվում են հասարակական նվիրաբերությունների, դրամահավաքների շնորհիվ: Բաբկեն Պիպոյանի խոսքերով՝ աշխատանքը արվում է միջազգային հավատարմագրեր ունեցող լաբորատորիաներում, իսկ նպատակը քաղաքացիներին ապահով սննդամթերք ապահովելն է: Այն, որ որոշ ընկերություններ խախտումներ են գրանցում արդեն երրորդ անգամ՝ մտահոգիչ է, և պահանջում է տեսչական մարմնի կողմից ավելի լուրջ հսկողություն:
Վիկտորյա Բուդաղյան




























