ArmLur.am-ը արձանագրեց, որ կառավարությունը քննարկման էր բերել պետական աշխատողների սոցիալական փաթեթը ավարտելու նախագիծը, որը ընդունվեց։ Հարցը ներառված էր այսօր՝ նոյեմբերի 19-ին, կառավարության նիստի օրակարգում։
Նախագծով առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից դադարեցնել «Սոցիալական փաթեթների ապահովում» ծրագրի ֆինանսավորումը։ Խոսքը պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթի մասին է, որի շրջանակում շահառուներին ամսական տրամադրվում է առավելագույնը 6 հազար դրամ, տարեկան՝ 72 հազար դրամ։
Հիմնավորման համաձայն՝ սոցիալական փաթեթի տարեկան ֆինանսավորումը կազմում է շուրջ 9.6-11.7 մլրդ դրամ։ Կառավարությունը գտնում է, որ պետական հատվածում աշխատողների մոտիվացման և աշխատանքի գրավչության ապահովման համար արդեն ներդրվել են այլ մեխանիզմներ, այդ թվում՝ ատեստավորման և կատարողականի գնահատման համակարգերը, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից ներդրվել է առողջության համընդհանուր ապահովագրությունը։
Նախագծի հեղինակները նշում են, որ սոցիալական փաթեթը ներդրվել է դեռևս 2012-2013 թվականներին, երբ պետական հատվածում աշխատավարձերը համեմատաբար ցածր էին, սակայն այժմ դրա գործող ձևաչափը նպատակահարմար չեն համարում։
Նախատեսվում է նաև, որ սոցիալական փաթեթի շահառուները 2027 թվականի հուլիսի 1-ից հետո կկարողանան առանց ժամկետային կամ այլ սահմանափակման տնօրինել իրենց հաշիվներում կուտակված գումարները։ Մինչ այդ գումարները կշարունակեն օգտագործվել գործող կարգով։
Նշենք, որ սոցփաթեթի հաշիվներում 2026 թվականի հուլիսի դրությամբ առկա է եղել շուրջ 13 մլրդ դրամ։
Նախագծի ընդունման դեպքում սոցիալական փաթեթի ծրագրի համար նախատեսված տարեկան 9.6-11.7 մլրդ դրամը կուղղվի պետական բյուջեի ընդհանուր ֆինանսավորմանը։




























