Հայաստանում ՌԴ դեսպան Վոլինկինը հայտարարել է, որ պետք է զբաղվել ՀՀ-ում առկա այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, ովքեր սեպ են խրում հայ-ռուսական հարաբերություններում: Նա նաև նշել էր, թե այդ նույն ՀԿ-ները դրսից ֆինանսավորվում են հենց հայ-ռուսական հարաբերությունները տապալելու նպատակով:
Դեսպանի հայտարարության մասին armlur.am-ը զրուցեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ: Նա մեզ հետ զրույցում նշեց, թե չպետք է լուրջ մոտենալ դեսպանի հայտարարությանը, քանի որ վերջինս այդ կերպ ցանկանում է միջամտել իրենց ներքին գործերին:
Անդրադառնալով դեսպանի այն դիտարկմանը, թե իրենք ֆինանսավորվում են հայ-ռուսական հարաբերությունները տապալելու նպատակով, նա նշեց.
«Բոլորն էլ գիտեն, որ ՀԿ-ները դրամաշնորհներ են ձեռքբերում տարբեր աղբյուրներից, այդ թվում նաև դրսից: Դա նորություն չէ, գաղտնիք չէ, և դա լրիվ օրինական է», -նշեց նա:
Սաքունցը նաև հավելեց, թե հայ-ռուսական հարաբերություններ չկան, իսկ Պուտինն էլ իրեն համարում է կայսերապետ:
Հիշեցնենք, որ որոշ ՀԿ-ներ քիչ առաջ հանդես եկան հայտարարությամբ, որով կոչ է անում ՀՀ իշխանություններին կարգի հրավիրել ՌԴ դեսպանին: