Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը 2025 թվականին 17 մլն դրամից ավելի եկամուտ է ունեցել, 17 հազար դոլարով ձեռք է բերել BMW մակնիշի ավտոմեքենա։ ArmLur.am-ը ուսումնասիրել է պաշտոնյայի 2025 թվականի տարեկան հայտարարագիրը և պարզել, թե ինչ ունեցվածք ունի նա, որքան գումար է ստացել պետական համակարգում աշխատելու դիմաց և ինչ ֆինանսական միջոցներ է հայտարարագրել։
Սուրեն Լեոնիդի Մինասյանը ծնվել է 1988 թվականի փետրվարի 11-ին՝ Երևանում։ 2005-2009 թվականներին սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետում։ 2015-2017 թվականներին կրթությունը շարունակել է նույն ոլորտի մագիստրատուրայում։ 2009-2011 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։
Նրա աշխատանքային գործունեությունը հիմնականում կապված է եղել շինարարության ոլորտի հետ։ 2011-2020 թվականներին աշխատել է «Հորիզոն-95» ՍՊԸ-ում՝ սկզբում որպես արտադրական բաժնի ինժեներ, ապա՝ ավագ ինժեներ։ 2022 թվականին զբաղեցրել է նույն ընկերության արտադրական նորմատիվների վերահսկողության բաժնի պետի պաշտոնը։ 2022 թվականի սեպտեմբերի 2-ից նա Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն է։
ArmLur.am-ը ուսումնասիրեց և պարզեց, որ 2025 թվականին Մինասյանը նոր ավտոմեքենա է ձեռք բերել։ Նրա հայտարարագրի համաձայն՝ տարվա ընթացքում գնել է 2021 թվականի արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա։ Գործարքը կատարվել է 2025 թվականի հունիսի 27-ին, իսկ ձեռքբերման արժեքը կազմել է 17 հազար ԱՄՆ դոլար։ Ավտոմեքենան ձեռք է բերվել IAAI ավտոաճուրդից։
Մինչ այդ՝ 2025 թվականի հունիսի 19-ին, Մինասյանը վաճառել է իրեն պատկանող 2016 թվականի արտադրության Chevrolet մակնիշի ավտոմեքենան։ Վաճառքի գինը կազմել է 4 մլն 300 հազար դրամ։ Այսպիսով, տարվա վերջում նրա հայտարարագրում որպես սեփականություն առկա է միայն BMW մակնիշի ավտոմեքենան։

ArmLur.am-ը արձանագրեց, որ պաշտոնյան 2025 թվականի ընթացքում անշարժ գույքի ձեռքբերման կամ օտարման գործարքներ չի հայտարարագրել։ Իսկ ի՞նչ գումարներ ունի բանկային հաշիվներում և կանխիկ։ Մինասյանի հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի սկզբին բանկային հաշիվների մնացորդը կազմել է 720 հազար 652 դրամ 87 լումա, իսկ տարեվերջին՝ 900 հազար դրամ։ Բանկային ավանդի մնացորդը տարեսկզբին կազմել է 903 դոլար 35 ցենտ, տարեվերջին՝ 1000 դոլար։


ArmLur.am-ը ուսումնասիրեց նաև նրա կանխիկ դրամական միջոցների փոփոխությունը։ Եթե 2025 թվականի սկզբին Մինասյանը հայտարարագրել է 5 մլն 900 հազար դրամ կանխիկ գումար, ապա տարեվերջին այդ գումարը կազմել է 4 մլն դրամ։ Այսպիսով, տարվա ընթացքում նրա կանխիկ միջոցները նվազել են 1 մլն 900 հազար դրամով։
ArmLur.am-ը պարզեց նաև, որ Մինասյանի եկամուտները 2025 թվականին կազմել են ընդհանուր 16 մլն 275 հազար 37 դրամ։ Դրանցից 13 մլն 337 հազար 539 դրամը աշխատանքի վարձատրությունն է, որը ստացել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից։ Եվս 2 մլն 937 հազար 498 դրամը եկամտային հարկի վերադարձն է։

Պաշտոնյայի հայտարարագրում առկա է նաև հիփոթեքային վարկ։ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 44 մլն 985 հազար 314 դրամ 10 լումա։ Վարկի նպատակային նշանակությունը նշված է որպես բնակարան։
Նրա հայտարարագրում բաժնեմասեր, արժեթղթեր, առևտրային կազմակերպություններում մասնակցություն կամ պետական և համայնքային մարմինների հետ 5 մլն դրամը գերազանցող պայմանագրեր նույնպես նշված չեն։
Այսպիսով, 2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանի հիմնական գույքը 2021 թվականի արտադրության BMW ավտոմեքենան է, իսկ ֆինանսական միջոցների շարքում առանձնանում են 44 մլն 985 հազար 314 դրամի հիփոթեքային պարտավորությունը և 16 մլն 275 հազար 37 դրամի տարեկան եկամուտը։
Սոնա Գրիգորյան






















































































