Ինչպես հայտնում է Euronews-ը, առաջարկը ներկայացվել է նոյեմբերի 23-ին։ Եթե ԵՄ անդամ երկրները հավանություն տան դրան, այն կդառնա Ռուսաստանի դեմ 2022 թվականի փետրվարից ի վեր սահմանվող պատժամիջոցների 22-րդ փաթեթը։ Բրյուսելը նպատակ ունի համաձայնության հասնել դեկտեմբերին՝ մինչև տոնական արձակուրդները։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն կշարունակի նոր պատժամիջոցներ առաջարկել այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի ցուցաբերել Ուկրաինայում կայուն խաղաղության հասնելու իրական պատրաստակամություն։
Առաջարկվող փաթեթով նախատեսվում է SWIFT միջազգային վճարային համակարգից անջատել ևս 60 ռուսական բանկ։ Սահմանափակումներ են նախատեսվում նաև այն կրիպտոհարթակների նկատմամբ, որոնք Ռուսաստանն օգտագործում է պատժամիջոցները շրջանցելու համար։
Բացի այդ, եվրոպական ընկերություններին կարող է արգելվել վերանորոգել ռուսական էներգետիկ ենթակառուցվածքները, մասնավորապես՝ նավթավերամշակման գործարանները։ Այս օբյեկտները զգալի վնասներ են կրել Ուկրաինայի հեռահար հարվածների հետևանքով։
Առանձին սահմանափակումներ կառաջարկվեն նաև Ռուսաստանի կողմից նավթի գնային սահմանափակումը շրջանցելու նպատակով օգտագործվող ավելի քան 70 նավերի նկատմամբ։ Խոսքը, այսպես կոչված, «ստվերային նավատորմի» մասին է։ Արդեն ավելի քան 670 նման նավ զրկվել է ԵՄ նավահանգիստներ մուտք գործելու և եվրոպական ծառայություններից օգտվելու հնարավորությունից։
Փաթեթում ներառվել է նաև Ուկրաինայում կռված ռուս զինվորների՝ ԵՄ մուտքի արգելքի հարցը։ Այս նախաձեռնությունն առաջին անգամ քննարկվել էր հուլիսին, սակայն Ֆրանսիայի և Իտալիայի մտահոգությունների պատճառով այն չէր ընդունվել։ Այդ երկրները մտահոգություն էին հայտնել սահմանափակման կիրառման վարչական բարդությունների և հյուպատոսական ծառայությունների իրավական պատասխանատվության վերաբերյալ։
Ֆոն դեր Լայենի խոսքով՝ ռուս նախկին զինծառայողները կարող են անվտանգության սպառնալիք ներկայացնել Եվրոպայի համար, ուստի նրանց մուտքը Եվրամիություն պետք է արգելվի։
Պատժամիջոցների նոր փաթեթն անդրադառնում է նաև սպորտի և մշակույթի ոլորտներին։ Եվրահանձնաժողովն առաջարկում է արգելել ռուսական դրոշի ներքո հանդես եկող թիմերի և մարզիկների մասնակցությունը ԵՄ տարածքում անցկացվող մարզական միջոցառումներին, ինչպես նաև այդ միջոցառումների ընթացքում ռուսական պաշտոնական խորհրդանիշների ցուցադրումը։
Նախատեսվում է նաև արգելել Ռուսաստանի քաղաքացիներին ֆինանսական նվիրատվություններ կատարել եվրոպական մարզական ֆեդերացիաներին և զբաղեցնել պաշտոններ դրանց ղեկավար մարմիններում։
Euronews-ի փոխանցմամբ՝ սա Եվրահանձնաժողովի առաջին պատժամիջոցային առաջարկն է այն բանից հետո, երբ հանձնաժողովի գլխավոր քարտուղարությունում ստեղծվել է պատժամիջոցների հարցերով առանձին գրասենյակ։ ԵՄ պատժամիջոցների հարցերով հատուկ բանագնաց Դեյվիդ Օ’Սալիվանին կփոխարինի շվեդ դիվանագետ Լարս Դանիելսոնը։
Հրապարակման համաձայն՝ Եվրամիության համար շարունակում է մտահոգիչ մնալ նաև Չինաստանի դերը Ռուսաստանի նկատմամբ սահմանված սահմանափակումները շրջանցելու գործում։ Չինաստանը դարձել է պատժամիջոցները շրջանցելու հիմնական ուղիներից մեկը՝ Ռուսաստանին ապահովելով պատերազմի շարունակման համար անհրաժեշտ ապրանքներով և ռեսուրսներով։
Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դաշնակիցներին կոչ է արել խստացնել Ռուսաստանի նկատմամբ արտահանման վերահսկողությունը՝ սահմանափակելով այն բաղադրիչների մատակարարումը, որոնք օգտագործվում են հեռակառավարվող և ռեակտիվ շարժիչներով անօդաչու թռչող սարքերի արտադրության համար։
Զելենսկին առաջիկա օրերին կմասնակցի Բրյուսելում կայանալիք ԵՄ հատուկ գագաթնաժողովին։
Անի Վարդանյան




























