Հայաստանի Վիճակագրական կոմիտեն հրապարակել է Պարենային ապահովության և աղքատության հաշվետվությունը այս տարվա հունվար-սեպտեմբերի հաշվարկով։ Հաշվետվության մեջ ներկայացված են նաև հիմնական պարենային ապրանքների միջին մանրածախ գները։
ArmLur.am-ը ուսումնասիրել է հրապարակված տվյալները, հասկանալու համար, թե ինչպես են փոխվել սպառողական զամբյուղի մի շարք ապրանքների գները։
Հացամթերք և ձավարեղեն
Հացի մեկ կիլոգրամի միջին գինը հունվարին 612 դրամ էր, իսկ սեպտեմբերին հասել է 620 դրամի։ Այսինքն՝ ինը ամսում այն թանկացել է 8 դրամով։
Նույն ժամանակահատվածում բարձր տեսակի ալյուրի մեկ կիլոգրամի գինը 430 դրամից դարձել է 436 դրամ։ Մակարոնեղենի դեպքում ևս թանկացում է գրանցվել․ հունվարի 836 դրամի փոխարեն սեպտեմբերին մեկ կիլոգրամը վաճառվել է միջինը 860 դրամով։
Ի տարբերություն դրանց՝ բրինձը փոքր-ինչ էժանացել է։ Եթե հունվարին դրա մեկ կիլոգրամի միջին գինը 958 դրամ էր, ապա սեպտեմբերին՝ 926 դրամ։
Լոբու գինը նույնպես նվազել է՝ 1644 դրամից հասնելով 1529 դրամի։ Այսպիսով, նշված հացամթերքի և ձավարեղենի շարքում ամենամեծ գնային նվազումը գրանցվել է լոբու դեպքում։
Մսամթերք և ձուկ
Մսամթերքի դեպքում պատկերը միատեսակ չէ։ Հունվարից սեպտեմբեր տավարի մսի մեկ կիլոգրամի միջին գինն աճել է 4235 դրամից մինչև 4668 դրամ, իսկ ոչխարի մսինը՝ 5072 դրամից մինչև 5329 դրամ։
Փոխարենը խոզի միսը նույն ժամանակահատվածում էժանացել է․ հունվարին մեկ կիլոգրամն արժեր միջինը 3650 դրամ, սեպտեմբերին՝ 3478 դրամ։
Թռչնամսի գինը հակառակ ուղղությամբ է փոխվել՝ 1647 դրամից հասնելով 1741 դրամի։
Իսկ ձկան՝ մասնավորապես իշխանի մեկ կիլոգրամի միջին գինը հունվարի 3560 դրամից սեպտեմբերին նվազել է մինչև 2727 դրամ։ Սա աղյուսակում ներկայացված մսամթերքի և ձկան խմբի ամենամեծ գնային նվազումն է։
Կաթնամթերք, ձու և ձեթ
Կաթի մեկ լիտրի միջին գինը տարեսկզբին 570 դրամ էր, իսկ սեպտեմբերին՝ 568 դրամ։ Այսինքն՝ գրեթե անփոփոխ է մնացել։
Կովի կաթից պատրաստված պանրի մեկ կիլոգրամը հունվարին միջինը 2673 դրամ էր, սեպտեմբերին՝ 2724 դրամ։ Կարագի գինը, հակառակը, նվազել է՝ 6514 դրամից հասնելով 6040 դրամի։
Մարգարինի մեկ կիլոգրամի միջին գինը 1147 դրամից դարձել է 1184 դրամ, իսկ արևածաղկի ձեթի մեկ լիտրը՝ 873 դրամից 885 դրամ։
Հատկանշական է նաև ձվի գնի փոփոխությունը։ Եթե հունվարին մեկ տասնյակի միջին գինը 846 դրամ էր, ապա սեպտեմբերին այն հասել է 899 դրամի։ Այսպիսով՝ ինը ամսում ձվի մեկ տասնյակն էժանանալու փոխարեն թանկացել է 53 դրամով։
Մրգեր և բանջարեղեն
Մրգերի և բանջարեղենի դեպքում գների փոփոխություններն առավել նկատելի են, ընդ որում՝ որոշ ապրանքների գները տարվա ընթացքում զգալի տատանումներ են ունեցել։
Խնձորի մեկ կիլոգրամի միջին գինը հունվարի 630 դրամից հուլիսին հասել է 956 դրամի, սակայն սեպտեմբերին նվազել է մինչև 716 դրամ։ Այսինքն՝ սեպտեմբերին այն դեռ 86 դրամով թանկ էր հունվարի համեմատ։
Տանձի գինը ևս փոփոխվել է․ հունվարին մեկ կիլոգրամն արժեր 1430 դրամ, մայիսին՝ արդեն 1724 դրամ, իսկ սեպտեմբերին նվազել է մինչև 1416 դրամ։
Խաղողի մեկ կիլոգրամի գինը հունվարի 969 դրամից սեպտեմբերին դարձել է 718 դրամ։ Ձմերուկի համար հունվարի համեմատական տվյալ չկա․ աղյուսակում դրա գինը ներկայացված է ապրիլից։ Այդ ամսին մեկ կիլոգրամի միջին գինը 486 դրամ էր, իսկ սեպտեմբերին՝ 208 դրամ։
Բանջարեղենի շարքում կաղամբի մեկ կիլոգրամի գինը հունվարի 157 դրամից սեպտեմբերին հասել է 248 դրամի։ Սոխի գինը 319 դրամից դարձել է 324 դրամ։
Կարտոֆիլի դեպքում գնային փոփոխությունն ավելի մեծ է․ հունվարին մեկ կիլոգրամն արժեր 273 դրամ, ապրիլին՝ արդեն 427 դրամ, իսկ սեպտեմբերին՝ 273 դրամ։ Լոլիկի մեկ կիլոգրամի միջին գինը հունվարի 1254 դրամից ապրիլին հասել է 1529 դրամի, ապա շարունակել նվազել՝ սեպտեմբերին կազմելով 458 դրամ։
Վիճակագրական կոմիտեի տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հիմնական պարենային ապրանքների գները փոփոխվել են տարբեր ուղղություններով։ Առավել նկատելի թանկացումներից են տավարի և ոչխարի մսի, ձվի ու կաղամբի գների աճերը, մինչդեռ ձկան, կարագի, լոլիկի և լոբու դեպքում գրանցվել է նվազում։
Աննա Հանյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























