Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժայինները «հավաքվել» են, ԲՏԱ փոխնախարարը Փաշինյանի անունն է տալիս, թեժ շաբաթ է սպասվում. ինչ է գրում մամուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի սահմանների պահպանության համակարգում առաջիկայում լուրջ փոփոխություններ են նախատեսվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է քննարկումներ Սահմանապահ ծառայության վերափոխման շուրջ, ընդ որում՝ հարցը միայն ծառայության տեխնիկական կարողությունների զարգացումը չէ։ Խոսքը Հայաստանի պետական սահմանների ամբողջական վերահսկողությունը հայկական ուժերին փոխանցելու, սահմանապահ համակարգի կառուցվածքը փոխելու և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու մասին է։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ Սահմանապահ ծառայության վերափոխման հարցով տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը, ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ինչպես նաև իրավապահ և ուժային կառույցների այլ ներկայացուցիչներ։

Այսինքն՝ քննարկմանը ներգրավված են եղել ոչ միայն սահմանապահ ծառայության անմիջական պատասխանատուները, այլև երկրի անվտանգության համակարգի առանցքային պաշտոնյաները։ Կառավարությունը տեղեկացրել է, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սահմանապահ ծառայության կարողությունների հետագա զարգացումը, ֆիզիկական ենթակառուցվածքները, օպերատիվ կառավարումը և միջազգային փորձի կիրառումը։ Անդրադարձ է կատարվել նաև սահմանների համալիր կառավարման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումներին։

Ինչո՞ւ է փոխնախարարը վկայակոչում Փաշինյանին․ ահազանգեր ԲՏԱ նախարարությունից․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունից ահազանգեր է ստացել փոխնախարար Տաթևիկ Ասլանյանի աշխատանքային վարքագծի վերաբերյալ։ Խմբագրության աղբյուրների պնդմամբ՝ Ասլանյանը ենթակաների ու գործընկերների հետ շփումներում կոշտ տոն է կիրառում, իսկ իր որոշումները հիմնավորելիս վկայակոչում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ փոխնախարարը շեշտում է, որ Փաշինյանն է իրեն նշանակել, և իր կայացրած որոշումները ներկայացնում է որպես վարչապետի դիրքորոշմանը համահունչ։ Նույն աղբյուրների պնդմամբ՝ որոշ աշխատակիցներ խուսափում են բողոքել՝ մտավախություն ունենալով, որ իրենց դժգոհությունը կարող է արժանանալ վարչապետի բացասական արձագանքին։ «Ժողովուրդ» օրաթերթն այս առթիվ դիմել է նախարարությանը։ Նախարարության խոսնակ Անահիտ Առաքելյանը նշեց, որ նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Նրա խոսքով՝ նախարարությունում առողջ, գործընկերային հարաբերություններ են։

Բրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բրյուսովի անվան պետական համալսարանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բուհում դժգոհության ալիքը չի մարում, ավելին՝ ուսանողների շրջանում ստորագրահավաքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, իսկ դրանց մասնակիցների թիվն աստիճանաբար ավելանում է։

Խոսքը Բրյուսովի անվան պետական համալսարանը Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ու Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ միավորելու ծրագրի մասին է։ Չնայած բուհի ներսում առկա դիմադրությանը՝ իշխանությունը շարունակում է առաջ տանել ակադեմիական խոշորացման իր ծրագիրը, իսկ համալսարանի աշխատակիցները մինչ օրս հստակ պատասխան չունեն, թե ինչ է սպասվում իրենց։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը բուհի տարբեր շրջանակներում ներկայացնում է, թե միավորման գործընթացը իշխանության և ԿԳՄՍ նախարարության պահանջն է, և ինքը պարտավոր է այդ ծրագիրն իրականացնել։

Սակայն, մեր տեղեկություններով, մասնավոր զրույցներում նա բոլորովին այլ դիրքորոշում է հայտնում՝ նշելով, որ անձամբ դեմ է Բրյուսովի միավորմանը և չէր ցանկանա, որ համալսարանն այդ ճանապարհով գնա։

«Հրապարակ»․ 17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համար «Հրապարակ» թերթը գրում է.

«Շրջակա միջավայրի նախարարությունը COP17-ի կազմակերպչական աշխատանքների շրջանակներում նախապատրաստական, կազմակերպչական եւ այլ աշխատանքներում նշանակալի ներդրում ունենալու համար որոշ անձանց պարգեւատրել է «COP17» արծաթե հուշադրամով։ Այդ հուշադրամը հոկտեմբերի 5-ին ՀՀ կենտրոնական բանկն էր շրջանառության մեջ դրել՝ նվիրված ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին:

Հուշադրամի անվանական արժեքը 1000 դրամ է, մետաղը՝ 925 հարգի արծաթ, քաշը՝ 33,6 գ։ Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում: Թողարկվել է 300 հատ։ Մեզ հետ զրույցում ԿԲ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ հուշադրամը թողարկվել է միայն ներկայացուցչական նպատակներով` վաճառքի չի հանվել։ Ո՞ր կառույցի պատվերով են թողարկվել հուշադրամները։ Արձագանքեցին՝ ՀՀ կառավարության եւ Կենտրոնական բանկի համատեղ նախաձեռնությունն է։ Հուշադրամի արժեքը, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, 59 հազար դրամ է։

Այսինքն՝ միայն 17.7 մլն դրամ ծախսվել է 300 հուշադրամի համար։

«Իրավունք». Հաջորդ շաբաթ թեժ է լինելու. սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ

«Իրավունք» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ թեժ է լինելու: ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ, որին զուգահեռ ընթանալու է խորհրդարանական քառօրյան։ «Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի»,- ասաց աղբյուրը։

Մանրամասները՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս