Armenian text to speach

Աֆղանստանում ցանկանում են կանանց անունները փոխարինել կենդանիների անուններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աֆղանստանի թալիբական իշխանությունները, ըստ աֆղանական լրատվամիջոցների, փորձում են պաշտոնական փաստաթղթերում զրկել կանանց իրենց անուններից՝ դրանք փոխարինելով «Բիբի»՝ «տարեց կին» կամ «տատիկ» նշանակող բառով, ինչպես նաև կենդանիների անվանումներով։

Հաղորդվում է, որ հյուսիսային Աֆղանստանի պաշտոնյաներին հրահանգվել է չօգտագործել կանանց անունները պաշտոնական փաստաթղթերում, այդ թվում՝ բժշկական գրառումներում և դեղատոմսերում։ Սա կանանց իրավունքների և ինքնության սահմանափակման հերթական քայլն է՝ թալիբների՝ 2021 թվականին իշխանության վերադառնալուց հետո սահմանված խիստ քաղաքականության շրջանակում։

Գերմանիայում բնակվող աֆղան ակտիվիստ Լալահ Օսմանին El País-ին ասել է, որ կանանց անուններից զրկելը նրանց անմարդկայնացման համակարգված գործընթացի մաս է։ Նրա խոսքով՝ կանանց երբեմն անվանում են նաև «այծ» կամ «կով»՝ նրանց մարդկային ինքնությունը վերացնելու և տղամարդկանց սեփականության վերածելու նպատակով։

Օսմանիի խոսքով՝ Աֆղանստանում կանանց անունները հաճախ չեն ներառվում պաշտոնական փաստաթղթերում, նրանց ներկայացնում են որպես տղամարդ ազգականի կին կամ դուստր, իսկ անունները չեն փորագրվում նաև տապանաքարերի վրա։ Թալիբների առաջին իշխանության շրջանում՝ 1996-2001 թվականներին, «կին» բառը նույնիսկ հանվել էր փողոցների և հասարակական վայրերի անվանումներից։

Ակտիվիստը նաև զգուշացնում է, որ կանանց անունները բժշկական փաստաթղթերում նույնականացնող այլ բառերով կամ համարներով փոխարինելը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել բուժօգնության համակարգում՝ հանգեցնելով բժշկական սխալների։ Իրավիճակն ավելի է բարդանում տղամարդ բժիշկների՝ կանանց ու աղջիկներին բուժելու սահմանափակումներով և կանանց առողջապահական ոլորտում ուսումնասիրություններ կատարելու արգելքներով։

2017 թվականին Օսմանին նախաձեռնել էր «Որտե՞ղ է իմ անունը» արշավը՝ պահանջելով կանանց անունները ներառել պաշտոնական փաստաթղթերում, այդ թվում՝ երեխաների ծննդյան վկայականներում։




Մամուլի Տեսություն

Լրահոս