Քոչարյանի իշխանությունը փորձում էր հնազանդեցնել ԵԿՄ-ն. Ա. Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրապահ կամավորական միությունը տարիներ առաջ այնպիսի անհրաժեշտություն էր, որ հավատալ-չհավատալու խնդիր չի եղել: Armlur.am-ի հետ զրույցում խոսելով ԵԿՄ-ի ստեղծման անհրաժեշտության մասին` նշեց  «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանը:

Նա մեզ հետ զրույցում կիսվեց միության մասին իր հիշողություններով, նշեց Վազգեն Սարգսյանի` ԵԿՄ ղեկավար դառնալու անհրաժեշտությունը:

«Շատ լավ հիշում եմ, թե ինչպես ձևավորվեց, շատ լավ հիշում եմ առաջին համագումարը, նորաստեղծ ջոկատների սխրանքը: Այդ ժամանակ սահմանի ամբողջ երկայնքով եղան ռազմական գործողություններ: Եվ հենց այդ շրջանում պետք է լիներ մեկը, ով կկարողանար համակարգել այդ ամբողջ աշխատանքը:  Այստեղ պետք է Վազգենը լիներ միանշանակ: Լիդեր լինելը,  էքստրեմալ իրավիճակներում արագ որոշումներ կայացնելու կարողությունը բերեց նրան, որ հենց նա լինի լիդեր: Այստեղ քննարկում չի էլ եղել», – նշեց նա:

Արամ Սարգսյանն ընդգծեց, որ կարծիքների բախում եղել է, և հենց այստեղ է մեծ եղել Վազգեն Սարգսյանի դերը:

«Կարծիքների բախում սկսվեց այն ժամանակ, երբ զուգահետ սկսեցին գործել ազատամարտիկների այլ ջոկատներ: Կային ազատամարտի հագուստ կրող անձինք, ովքեր փորձում էին շահել այդ ամենից: Եվ այդ ամենի հարցերը պետք է լուծեր հենց ԵԿՄ-ն», – ընդծեց նա:

Խոսելով տարիների ընթացքում ԵԿՄ-ի դերի մասին` Արամ Սարգսյանն ասաց, որ փորձել են հնազանդեցնել այդ կառույցը, սակայն չի ստացվել:

«Հոկտեմբերի 27-ից հետո Ռոբերտ Քոչարյանն ու իր իշխանության մեջ գտնվող տարբեր քաղաքական գործիչներ, ներառյալ` այսօրվա նախագահը, փորձել են բազմաթիվ  ազատամարտիկների բազմաթիվ միություններ ստեղծել, որ էս կառույցը հնազանդեցնեն, որ էս կառույցը դնեն էն հունի վրա, ինչ իրենք են ուզում: Բայց, բարեբախտաբար, դրանք որևէ արդյունք չեն տվել:

Հիմա էլ ԵԿՄ-ի հավերժ նախագահը Վազգեն Սարգսյանն է, հիմա էլ ԵԿՄ-ի անդամները Վազգենի ընկերներն են ու իր մահվանից 15 տարի հետ էլ հիշում են նրան», – նշեց նա:




Լրահոս