Ի՞նչ կապ ունի ՀՀԿ խմբակցության ղեկավարը Աղվան Հովսեփյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ պարզ դարձավ Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավարի անունը` Վահրամ Բաղդասարյան: Հիշեցնենք, որ վերջինս   ՀՀԿ-ին անդամակցել է երեք տարի առաջ: Պատահական չէ, որ Վ. Բաղդասարյանի անդամակցումը առաջացրել էր  հնաբնակ ՀՀԿ-ականների դժգոհությունը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն armlur.am-ի հետ զրույցում, սակայն, չհամաձայնեց այդ դիտարկմանը, քանի որ  խմբակցության ղեկավարի ընտրության օրը առաջինը ելույթ են ունեցել  հնաբնակ ՀՀԿ-ականները: «Խմբակցության ներսում  ընդհանրապես նման խնդիր չկա: Դա հաստատեց նաև քվեարկությունը»,- ասաց քաղաքական գործիչը, հավելելով, որ իր համար անսպասելի էր  ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում նշանակվելը:

-Պրն Բաղդասարյան, ինչպե՞ս եք անելու, որ Ձեր խոսքն ու հորդորներն ազդեցիկ  լինեն  խմբակցության  անդամների  համար:

– Ինձ թվում է, որ իմ աշխատած տարիները այդ ազդեցությունը պետք  է  ցույց տրված լինեին: Այնպես չէ, որ  պետք չէ նոր ստեղծել այդ ամենը: Այդ ազդեցիկությունը  ձևավորվում է  փոխադարձ հարգանքի շնորհիվ, որը մենք ստեղծել ենք  այս տարիների ընթացքում:

-Ինչպե՞ս եք պատրաստվում լեզու գտնել ընդդիմադիր խորհրդարանական ուժերի  հետ, որոնք պարբերաբար քննադատում են իշխող կուսակցությանը:

-Ընդդիմադիր ուժերի հետ իմ հարաբերությունները եղել են ընկերական, իսկ ընկերականից անցումը քաղաքականի դժվար չի լինի: Կարծում եմ` միմյանց հետ կհամագործակցենք:

-Պրն Բաղդասարյան կա տեսակետ, որ ՀՀԿ-ն այլ կադրեր չի ունեցել խմբակցության ղեկավարի պաշտոնում նշանակելու համար, այդ պատճառով էլ    ընտրել են Ձեզ:

-Նախ կարծում եմ` սխալ եք անում, որ թերագնահատում եք իմ ուժերը, երկրորդ` ՀՀԿ-ն փորձառու կադրերի պակաս չունի:  ՀՀԿ-ում կադրային հերթ է, ոչ թե սով:

-Ձևավորվել է նոր կառավարություն, որտեղ կան նոր դեմքեր, սակայն սպասումներ կարծես թե չկան, քանի որ ինչպես  ասում են` նոր կառավարությունը օլիգարխիկ բնույթ ունի:

-Նախ համաձայն չեմ «օլիգարխիկ»  բառի հետ: Այս  կառավարությունը փորձառու կադրերով է համալրված:

-Համալրված է, ինչպես ասում են, Ռ. Քոչարյանի կադրերով:

-Ես  կատեգորիկ  դեմ եմ, երբ ասում են` սրա մարդն է, նրա մարդն է: Իմ ցանկությունն է` ապաքաղաքականացնել գործադիր մարմինը և չասել` սա ում մարդն է, նա ում մարդն է: Այդ մարդիկ աշխատել են Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ձևավորած համատեղ թիմում: Պետք է մարդուն գնահատել իր աշխատանքով:

-Ի դեպ, Ձեր մասին էլ են ասում, որ Դուք էլ տարբեր մարդկանց, այդ թվում նաև Աղվան Հովսեփյանի հետ կապեր ունեք:

-Ես շատ մարդկանց հետ կապեր ունեմ՝ այդ թվում նաև Աղվան Հովսեփյանի հետ: Բոլորն իմ ընկերներն են և ոչ ավելին: Ընկերությունն Աստծու տված պարգևն է, որը պետք  է պահպանել ու փայփայել:

Սոնա Դավթյան




Լրահոս