Տավուշից արտագաղթում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեդա Զարգարյանն Իջևանի «Հարմոնիա» ռուսական մշակույթի կենտրոնի տնօրենն է: Նա նաև հասարակական կարգով Իջևան քաղաքում ռուսական պետական ծրագրեր է համակարգում, այդ թվում՝ Իջևանի թիվ 5 միջն. դպրոցի առաջին դասարանում խորացված կարգով ռուսերեն լեզվի ուսուցման ծրագիրը:

ՌԴ-ում վերաբնակվելու «Հայրենակիցներ» ծրագիրը Հայաստանում գործում է 2006թ.-ից: Զարգարյանը ոչ պաշտոնական ձևով աջակցում է նաև այդ ծրագրին. նա հասարակական կարգով օգնում է ծրագրին դիմած տավուշցիների փաստաթղթերի ձևակերպմանը:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ռուսական մշակույթի կենտրոնի տնօրենն ասաց, որ «Հայրենակիցներ» ծրագրով ՌԴ մեկնելու համար շատերն են դիմում Իջևանի, Բերդի, Նոյեմբերյանի տարածաշրջաններից: Տավուշի մարզի բնակիչներն իրենց ծանոթներից են լսում այդ ծրագրի մասին: Ս. Զարգարյանը հայտնեց, որ նշված ծրագրով Ռուսաստան վերաբնակվելու վերաբերյալ տեղեկատվությամբ իր մոտ 2 ամսագիր կա: Նրա խոսքերով՝ ինքը մինչև չի համոզվում, որ տվյալ մարդը Ռուսաստան մեկնելու համար խոչընդոտներ չունի, չի աջակցում փաստաթղթերի լրացմանը:

Տիկին Սեդան ասում է, որ ինքը շատ դեպքերում տավուշցիներին հետ է պահում Ռուսաստան արտագաղթելուց: Նրա վկայությամբ՝ ինքն այդ հարցերը բարձրացրել է նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանի հետ հանդիպման ժամանակ: Հայաստանից պատանիները կրթական ծրագրով մեկնում են Ռուսաստան սովորելու, սակայն այնտեղ պարզվում է, որ ուսանողների բնակության պայմանները շատ վատն են, բացի այդ՝ նրանց թույլատրված չէ այնտեղ աշխատել: Այս տարվա մարտին Հայաստանից 220 երիտասարդներ կրթական ծրագրով թույլտվություն են ստացել Ռուսաստանի բուհերում սովորելու: Սեդա Զարգարյանի խոսքով՝ Ռուսաստան բարձրագույն կրթություն ստանալու համար մեկնած երիտասարդները պայմանագիր են կնքում, որով պարտավորվում են ուսումնառությունից հետո վերադառնալ Հայաստան: Սակայն վերջերս Ռուսաստանի պետդուման օրենք է ընդունել, որով 2002թվականից հետո այդ երկրում բուհ ավարտածները կարող են դիմել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար: Հայաստանից մեկնած շրջանավարտները սովորաբար լավ կամ գերազանցությամբ են սովորում, բուհն ավարտելուց հետո նրանց առաջարկում են ևս 2 տարի սովորել մագիստրատուրայում, ապա՝ ասպիրանտուրայում: Հետևաբար, նրանց՝ Հայաստան վերադառնալու հարցը ինքնըստինքյան փակվում է:

Ի դեպ, զրույցի ընթացքում տեղեկացանք, որ չարաբաստիկ «Հայրենակիցներ» ծրագրով նախընտրելի են համարվում Սիբիրի, Ալթայի տարածաշրջանները, որտեղ մեկնելու համար, ըստ ծրագրի, ընտանիքի հորն ու մորը 240 հազարական, իսկ նրանց զավակներին 120 հազարական ռուբլի աջակցություն է տրվում, լուծվում են նրանց բնակության և աշխատանքի տեղավորման հարցերը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս