ԵՐԵԽԱՆ ՄԱՀԱՑԵԼ Է ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ ամիս առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում: 2 ամսական եւ 10 օրական Մանուշակ Մարկոսյանը Սպիտակ քաղաքի հիվանդանոցում պատվաստումից հետո մահացել է: Սակայն հիվանդանոցի տնօրինությունը պատճառաբանում է, թե իրենք մեղավոր չեն:

Մինչ վերը նշվածի մանրամասներին անդրադառնալը հիշեցնենք, որ սա միակ դեպքը չէ, որ արձանագրվել է այս տարվա ընթացքում: Նոյեմբերի 11-ին Նորք-Մարաշի հիվանդանոցում մեկ տարեկան Մերի Սարգսյանը նույնպես, ըստ հարազատների, մահացել է պատվաստման հետեւանքով: Երեխայի հարազատները նշել են, թե Մերիին բժիշկներն առանց ստուգելու պատվաստել են, ինչի հետեւանքով էլ նա մահացել է: Իսկ ավելի ուշ հայտնաբերել են, որ երեխան գաղտնի թոքաբորբ է տարել, ինչը ո՛չ բժիշկները, ո՛չ էլ հարազատները չեն իմացել:
Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը Սպիտակում մահացած Մանուշակ Մարկոսյանի դեպքի մանրամասները պարզելու նպատակով զրուցեց Սպիտակի հիվանդանոցի մոր եւ մանկան բաժնի վարիչ Անահիտ Հակոբյանի հետ: Վերջինիս խոսքով՝ երեխային վակցինա են պատվաստել, որը նրա մահվան պատճառ չի եղել. «Դա սուտ տեղեկություն է: Մանուշակը սուր թոքաբորբով հիվանդ է եղել, դրա համար էլ մահացել է: Ավելին, երեխային դիահերձել են, ու այդ ամենը հաստատվել է, որ կապ չունի պատվաստման հետ»:
Մինչ Սպիտակի հիվանդանոցի տնօրենի օգնական Անուշ Էտիբարյանը եւ Անահիտ Հակոբյանը վստահեցնում են, թե այս թեման վաղուց փակված է, եւ ամեն ինչ՝ պարզաբանված, մահացած երեխայի հարազատները չեն պատրաստվում լռել:
Մեզ հետ զրույցում Մանուշակի տատիկը` Մանուշակ Մարկոսյանը, պատմեց, որ երեխան միանգամայն առողջ է եղել. «Մանուշակս տաքություն ընդհանրապես չի ունեցել, անհանգիստ էլ չի եղել: Նա թաքուն թոքաբորբ է տարել, եւ մենք գլխի ընկած չենք եղել, որ նման բան կա: Մի խոսքով, երեխային տարանք բժշկի, ու առանց մի հատ ստուգելու բժշկուհի Մարինա Աղամալյանը դիֆտերիայի դեմ սրսկեց: Ես հարցրի բժշկուհուն՝ եթե երեխայի մոտ գիշերը ջերմության նշաններ նկատվեն, ի՞նչ անեմ: Նա ինձ ասաց, թե մոմիկներ կդնեք: Ի՞նչ ասեմ, գիշերը եկավ, ջերմությունը վրա տվեց, մոմիկը դրեցի, բայց ոչնչով չօգնեց: Երեխան շատ-շատ անհանգիստ էր: Այդպես գիշերը հարս ու սկեսուր մի կերպ անցկացրինք»:
Ըստ մեր զրուցակցի՝ առավոտյան երեխան նույնպես անհանգիստ է արթնացել, եւ ծնողները հերթական անգամ զանգահարել են բժշկուհի Մարինային, որը, առանց երեխային տեսնելու, հեռախոսով հորդորել է ծնողներին չանհանգստանալ՝ նշելով, թե երեխա է, պատվաստման հետեւանքով նման բան կարող է լինել, «Ինչեւէ, երեխաս այդ օրն էլ կաթ չկերավ, մի կերպ կարողացանք յոլա տանել: Պատվաստման երկրորդ օրը՝ առավոտյան, տեսանք՝ երեխայի թոքերը պայթել են: Թոռնիկս մահացավ իր հոր ծննդյան օրը»:
Տիկին Մանուշակի խոսքով՝ իր թոռնիկի մահվանից հետո հիվանդանոցում գրեթե բոլոր երեխաներին ստուգում են, հետո նոր պատվաստում: Ավելին, անգամ բնակարաններ են այցելում, ինչը մինչ այդ ընդունված չի եղել քաղաքում. «2 ամիս էր, ինչ իմ թոռնիկը ծնված էր, բայց մի օր բժշկուհին չի եկել՝ իմանա, թե ոնց է: Ես եմ մեքենայով գնացել, բերել, տարել: Ինչ ուզում են անեն, իմ երեխան արդեն գնացել է: Դատաբժշկական փորձաքննության արդյունքները եկել են, որ իմ երեխան երկկողմանի թոքաբորբ է եղել: Եթե նա իմ երեխային մի հատ ստուգած լիներ, այդ պատվաստումը չէր անի, ու միգուցե մենք կարողանայինք փրկել նրան: Ինչո՞ւ նախապես չեն ստուգում սրսկելուց առաջ, որ հստակ իմանան՝ երեխան կարիք ունի՞ կամ, ընդհանրապես, պատվաստում կարելի՞ է անել, թե՞ ոչ: Մեղավոր են իրենք: Մենք թոռնիկիս մահվան գործով քննիչին մի քանի այլ տվյալներ ենք հանձնել, հիմա սպասում ենք մեկ այլ տվյալի, թե երեխան քանի օրվա կամ ամսվա թոքաբորբով հիվանդ է եղել, որից հետո կմտնենք դատարան: Ես չեմ լռելու»:
Այսպիսով՝ մինչ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսում է առողջապահության համակարգի զարգացման անհրաժեշտության մասին, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարում է, թե առողջապահության ոլորտը 3 տարի թիրախային է լինելու, իսկ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը դեռ շարունակում է անիմաստ քննարկումները, հենց բժիշկների անփութության հետեւանքով մարդիկ մահանում են: Երկու երեխայի մահն արդեն ահազա՞նգ չէ, որ հրատապ քայլեր իրականացվեն՝ գոնե ապագայում երեխաների «գլուխը չուտելու» համար: Ա՛յ եթե ՀՀ պաշտոնյաները, բացի խոսելուց, երբեմն նաեւ իրենց խոսքի տերը լինեն, հիվանդանոցներում չպատճառաբանված մահվան դեպքերն այսքան շատ չեն լինի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս