ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ԱՅՍ «ՌԱՈՒՆԴՈՒՄ» ՊԱՐՏՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունում կայացան, ինչպես ասվում է նախարարության պաշտոնական հրավերի մեջ, օլիմպիական եւ ոչ օլիմպիական մարզաձեւերի մարզական արդյունքների գնահատման չափորոշիչների հաստատմանը միտված քննարկումները: Մասնակցում էին մարզական լրագրողներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկումը սպասվածի պես բուռն անցավ:

Հանդիպման ժամանակ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը, նախարարության աշխատակիցները ներկայացրին արդեն նախօրոք ուղարկված առաջարկները, նախարարության կարծիքը… Չխորանալով մանրամասների մեջ՝ միայն նշենք, որ նախարարությունը պարզապես ցանկանում էր իր կարծիքը պարտադրել մարզական լրագրողներին, հատկապես մարզական լրագրողների ֆեդերացիային, որպեսզի իրենց ուզած ձեւով որոշվեն Հայաստանի տարվա լավագույն 10 մարզիկները։ Եվ հենց քննարկումների ընթացքում էլ պարզվեց այն, ինչի մասին բազմիցս գրել է «Ժողովուրդ»-ը. սպորտը մեզ մոտ քաղաքականացված է, եւ սպորտի նախարարությունը պարզապես ցանկանում է ամեն կերպ ավելացնել մարզիկների վրա ներազդելու լծակները, ցանկանում է ամեն կերպ թուլացնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դիրքերը սպորտի բնագավառում (թերեւս նա հենց դրա համար էլ նշանակվել է): Մինչդեռ պետք է մտածի ոչ թե դրա, այլ սպորտը զարգացնելու մասին… Լրագրողները շատ լավ հասկացան, որ խոսելով հատկապես շախմատիստներին, ինչպես նաեւ ֆուտբոլիստներին լավագույն տասնյակում պարտադիր ընդգրկելու մասին, ոմանք ուղղակի ուզում են դուր գալ, քծնել ՀՀԿ, համատեղությամբ նաեւ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին։ Եվ այդ մասին լրագրողներից ոմանք նույնիսկ բարձրաձայնեցին։ Մարզական լրագրողների համբերության բաժակը լցվեց այն ժամանակ, երբ նախարարության աշխատակիցները ցանկանում էին կասկածելի քվեարկությամբ լրագրողներին պարտադրել իրենց տարբերակը։ Բայց ոչինչ չստացվեց, եւ մարզական լրագրողների ֆեդերացիան լավագույն 10 մարզիկներին կորոշի այնպես, ինչպես արել է նախկինում։ Ու կարելի է ասել՝ նախարար Յուրի Վարդանյանն այս «ռաունդում» պարտվեց:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս