Ադրբեջանի գործողությունները պայմանավորված չեն ռազմական անհրաժեշտությամբ եւ, ըստ էության, կանխամտածված սպանություն եւ ոչնչով չարդարացված ահաբեկչական գործողություններ են։ Այս մասին նշված է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ՝ հրադադարի համաձայնագրի 20-ամյակի առթիվ:
Հայտարարությունում ասվում է.
«Այսօր լրանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ստորագրված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնագրի 20-ամյակը։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միակ իրական ձեռքբերումը հանդիսացող սույն համաձայնագիրը վերջ դրեց լայնածավալ ռազմական գործողություններին՝ դրանով իսկ հիմք դնելով խաղաղ բանակցությունների համար եւ հակամարտության արդար ու վերջնական լուծման ուղղությամբ պայմաններ ստեղծելով միջնորդների գործունեության համար։
Միեւնույն ժամանակ, ստիպված ենք արձանագրել, որ չնայած միջնորդների բոլոր ջանքերին եւ հետեւողական աշխատանքին՝ ուղղված կողմերի դիրքորոշումների մերձեցմանն ու փոխընդունելի լուծման մշակմանը, դեռեւս չի հաջողվել հրադադարը փոխակերպել վերջնական եւ կայուն խաղաղության։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում պարբերաբար տեղի են ունենում միջադեպեր, որոնք հղի են լարվածության լուրջ խորացմամբ եւ խաթարում են համանախագահների ջանքերը՝ ուղղված խաղաղ կարգավորմանը։ Միայն 2014 թվականի սկզբից արձանագրվել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման շուրջ յոթ հազար դեպք։ Հակամարտության ռազմական փուլին վերջ դրած հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից 20 տարի անց դեռեւս զոհվում են զինծառայողներ եւ խաղաղ բնակիչներ։ Մեր խորին համոզմամբ նման գործողությունները պայմանավորված չեն ռազմական անհրաժեշտությամբ եւ, ըստ էության, կանխամտածված սպանություն եւ ոչնչով չարդարացված ահաբեկչական գործողություններ են։
Շփման գծում մշտապես տեղի ունեցող սադրանքները եւ նոր պատերազմ սկսելու Ադրբեջանի անդադար սպառնալիքները լոկ բարդացնում են հակամարտության կարգավորման գործընթացը եւ հեռացնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման հեռանկարները: Մենք խորապես համոզված ենք, որ միայն ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության լիովին բացառումը կարող է օգնել դուրս գալ հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակից եւ ամուր հիմք կծառայի կայուն եւ վերջնական խաղաղության հաստատման համար։
Ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ վստահության եւ անվտանգության ամրապնդման կարեւորությունը հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ նոր ռազմական լարվածության բացառման համար, ղարաբաղյան կողմը բազմիցս հանդես է եկել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության թուլացման եւ կայունության ու կանխատեսելիության ապահովմանն ուղղված նախաձեռնություններով։
Մասնավորապես, 2001 թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով ադրբեջանական կողմին են փոխանցել վստահության ամրապնդման միջոցների փաթեթ, որը ներառում է հակամարտության կողմերի միջեւ համագործակցություն բոլոր՝ այդ թվում ռազմական անվտանգության ուղղություններով։ Միջոցների շարքում առաջարկվել էր կողմերի բարձրագույն իշխանությունների մակարդակով հաստատել հրադադարի գործող ռեժիմը պահպանելու եւ հակամարտությունը ԵԱՀԿ հովանու ներքո բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու իրենց հավատարմությունը, ինչպես նաեւ կողմերի եւ/կամ նրանց օպերատիվ շտաբերի միջեւ ուղիղ հաղորդակցման կապի ստեղծումը, այդ թվում տեղական մակարդակով։
2004 թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն առաջարկել է հրադադարի ռեժիմի մշտական դիտարկում սահմանել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնման միջոցով։
2006 թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանդես է եկել ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ձեռք բերված եւ 1995 թ. փետրվարի 6-ին ուժի մեջ մտած համաձայնագրում ամրագրված հրադադարի ռեժիմի ամրապնդման պարտավորությունները երեք կողմերից փոխադարձաբար հաստատելու վերաբերյալ առաջարկով:
2012 թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն առաջարկել է որպես առաջին քայլ կրոնական տոների ընթացքում (ինչպիսինն է Զատիկը եւ Նովրուզը) շփման գծից հետ քաշել դիպուկահարներին եւ ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողություններից։
Դժբախտաբար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախաձեռնություններից ոչ մեկը, չնայած դրանց նկատմամբ միջնորդների աջակցությանը եւ միջազգային հանրության կոչերին, չի ընդունվել ադրբեջանական կողմից:
Այնուհանդերձ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հավատարիմ մնալով Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության բանակցությունների միջոցով բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչպես նաեւ Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը, վերահաստատում է իր առաջարկները վստահության եւ անվտանգության ամրապնդման միջոցների փաթեթն ուսումնասիրելու վերաբերյալ:
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու 20-ամյակը լավ հնարավորություն է ընձեռում կողմերին վերահաստատել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման նկատմամբ իրենց հավատարմությունը եւ կրկին ներկայացնել խաղաղ գործընթացի անշրջելիության ու վերջնական եւ կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ առաջարկություններ եւ նախաձեռնություններ»: