ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միայն դրական ակնկալիքներ ունենք: Լցվե՛ք համբերությամբ եւ հետեւե՛ք: Մեկ օրից ամեն ինչ պարզ կլինի»:
Տիգրան Սարգսյան 168.am

Առանց այն էլ արդեն երկար ժամանակ է, համբերությամբ լցված, հետեւում ենք, թե երբ է օֆշորագետ Տ. Սարգսյանը հոգնելու Հայաստանի տնտեսությունը քայքայելու եւ երկրում աղքատության տոկոսները բարձրացնելու իր առաքելությունից եւ հրաժարական տալու կամ պաշտոնանկ լինելու, փոխարենը զբաղվելու, ասենք, կիթառի դասեր տալով: Համբերում ենք, հետեւում, բայց ապարդյուն. համբերությունը մեր երկրում երբեք չի արդարացվում: Վիլնյուսի գագաթնաժողովի դեպքում էլ համբերության կոչը պոպուլիստական է, այսինքն՝ ոչինչ էլ չի փոխվի, կշարունակվի նույն անհեռանկար շախմատային քաղաքականությունը:

 

«Էսպիսի բամբասանքներն իմ տանձին չեն»:
Յուրի Վարդանյան Haynews.am

Եթե իշխանասեր եւ աթոռասեր լեգենդար մարզիկը գերադասեր մնալ լեգենդ, այլ ոչ թե քաղաքականություն մտնելով եւ պաշտոն ստանձնելով` վարկաբեկվել, ապա չէին լինի նաեւ բոլոր այդ «բամբասանքներն» իր մասին, որոնք Յուրի Վարդանյանի «տանձին չեն»: Իսկ բամբասանքները նրա հնարավոր պաշտոնանկության մասին են՝ կապված վերջին ժամանակներում նրա գլխին «սեւ ամպեր» կուտակվելու հետ: Ինչ վերաբերում է «տանձին չէ» մոտեցմանը, ապա դա առհասարակ հայաստանյան միջինվիճակագրական իշխանավորի, պաշտոնյայի մոտեցում է` երկրում ինչ ուզում է, թող կատարվի, կարեւորն իրենց աթոռներին սոսնձված լինեն:

 

«Մենք մասնակցել ենք, մասնակցում ենք, անընդհատ էլ կմասնակցենք… Մենք այդպիսի բազմաթիվ քննարկումներ ենք ունենում հենց իմ առանձնասենյակում: Ես բազմաթիվ այդպիսի քննարկումներ ունեցել եմ, ունենում եմ եւ կունենամ բոլոր այն պատգամավորների հետ, որոնց հետ ես հարաբերվում եմ, եւ այդ քննարկումները շարունակական են լինելու»:
Գագիկ Մինասյան

Գալուստ Սահակյանին մրցակցության հայտ ներկայացրած ՀՀԿ-ական պատգամավորը, որը համատեղության կարգով նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, մոռանում է նշել, որ կուտակային կենսաթոշակների մասին օրենք ընդունելու հարցը քննարկել է, քննարկում է եւ կքննարկի իր նման ՀՀԿ-ական պատգամավորների հետ, ովքեր իր նման թքած ունեն ժողովրդի վրա: Սակայն չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկի հանրության հետ, հաշվի չի առել, չի առնում եւ չի առնի հասարակության կարծիքը, քանի որ իշխանությունների եւ ՀՀԿ-ի արժանի զավակն է:

Կարեն Վարդանյան




Լրահոս