«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն պատրաստվում է առաջիկայում դատի տալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին: Մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) տնօրինությունը բացահայտել է, որ տարիներ շարունակ ՀԷՑ ՓԲԸ-ն խաբեությամբ համալիրից գանձել է շուրջ 2.500.000 կՎտ էլեկտրաէներգիայի գումար: Սակայն ՀԷՑ-ը չի ընդունում իրեն հասցեագրված մեղադրանքը, ավելին՝ նոր, վիճահարույց քայլեր է ձեռնարկում, մասնավորապես աշխատանքից ազատում 41 մարդու: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանում օտարերկրյա գործատուն կամայականորեն լուծում է ՀՀ քաղաքացիների աշխատանքի հարցը, ինչի առաջ, սակայն, մեր իշխանությունները շարունակում են աչք փակել:
ՄՀՀ գլխավոր հաշվապահ Լիլյա Ադունցի տեղեկացմամբ` համալիրի եւ ՀԷՑ-ի միջեւ դեռ 2005թ. կնքվել է էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր: Ըստ դրա` մատակարարը սպառողին էլեկտրաէներգիա է առաքում՝ միաժամանակ ամեն ամիս սպառողից գանձելով հոսանքի կորստի ծախսը: Համաձայն ՀԷՑ-ի կողմից էներգիայի ակտերի՝ մինչեւ 2013-ի հուլիս հանվել է ամսական 6940.8 կՎտ՝ որպես տրանսֆորմատորների կորուստ: Սակայն տրանսֆորմատորների պարապ ընթացքի կորուստների վերաբերյալ համալիրի աշխատակիցների կողմից կատարված ստուգիչ չափագրումների արդյունքում արձանագրվել է, որ երկկողմ սնուցման պարագայում ամսական կորուստների չափը կազմում է շուրջ 27.000 կՎտ: Արդյունքում ստացվել է, որ ՀԷՑ-ի խոշոր սպառողների սպասարկման դեպարտամենտը 2005-2013թթ. ընթացքում համալիրից խաբեությամբ գանձել է մոտ 2.500.000 կՎտ էլեկտրաէներգիայի գումար:
Լիլյա Ադունցի խոսքով՝ արդեն երեք ամիս է, ինչ այս խնդիրն առկա է, սակայն երկու կողմերի միջեւ դեռ երկխոսություն չի եղել. «Քննարկումներ այս թեմայի վերաբերյալ չեն եղել, ՀԷՑ-ը չի արձագանքել: Ու կարծում ենք, որ կան նմանատիպ այլ ընկերություններ, որոնք նույնպես խաբվել են ՀԷՑ-ի կողմից: Սա նոր ենք բացահայտել եւ երբեւէ չենք կասկածել, որ հնարավոր է՝ սխալ հաշվարկներ կամ մի կողմի շահերից բխող պայմանագիր լինի: Պայմանագիրը պետք է երկկողմ լինի: Բայց մենք չենք էլ ուսումնասիրել այն, չենք կասկածել իրենց պրոֆեսիոնալիզմի վրա»:
Նշենք, որ համալիրն այս խնդրով դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, իսկ վերջինս էլ գրություն է ուղարկել ՀԷՑ-ին: «Հանձնաժողովը նոյեմբերի 25-ին գրավոր դիմել է Բիբինին (Եվգենի Ալեքսեյի Բիբին, գլխավոր տնօրեն-Ս. Հ.) եւ տեղեկացրել մեր կողմից արված հաշվարկների մասին: Հանձնաժողովը խնդրել է 10-օրյա ժամկետում խնդրի առնչությամբ հիմնավորումներ եւ պարզաբանումներ ներկայացնել: Դեռ ժամանակ կա: Բայց նշեմ, որ միանշանակ դատարան ենք մտնելու, որովհետեւ խոսքն ահռելի գումարների մասին է»,-տեղեկացրեց համալիրի գլխավոր հաշվապահը:
Մեր զրուցակցի խոսքով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում երկու ընկերությունների ներկայացուցիչներն ընդամենը մեկ անգամ են հանդիպել. «Նրանք էլ հայտարարեցին, որ կա կնքված պայմանագիր ու վերջ, էլ չենք անդրադառնում դրան: Իսկ պայմանագիրն իրենց տիպային ձեւն է եւ բխում է միայն իրենց շահերից: Մենք հայտարարում ենք, որ պայմանագրում առկա են բացթողումներ եւ թերություններ: Այսպես իրենք հասցրել են ինչ-որ կերպով օգուտ քաղել: Մեր ընկերությունը խոշոր սպառողների դեպարտամենտի հաշվարկներով է առաջնորդվում եւ վճարումներ կատարում, այսինքն՝ մենք էլ ենք խոշոր սպառող»:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ՀԷՑ-ի մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանի հետ: Վերջինս ասաց, թե ընկերությունն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ. «Հիմա զբաղվում ենք դրանով: Մենք համաձայն չենք այդ մեղադրանքների հետ»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ից ՀԷՑ-ում աշխատակիցների զանգվածային կրճատումներ են սկսվել, ինչի համար էլ ընկերության աշխատակիցները նոյեմբերի 20-ին «Բիբի՛ն, հեռացի՛ր», «Մեզ ազատում են` առանց տնօրենների խորհրդի որոշման» ցուցապաստառներով բողոքի ակցիա էին կազմակերպել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կենտրոնական գրասենյակի դիմաց: Ընդ որում, ՀԷՑ ղեկավարությունը կրճատումները փորձել է անել հենց աշխատակիցների ձեռքով` նրանցից պահանջելով աշխատանքից ազատման դիմումներ գրել: ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը հանդիպել է ՀԷՑ խոշոր սպառողների դեպարտամենտի պետ Ռաֆիկ Ասկարյանի հետ ու հայտնել դեպարտամենտի լուծարման մասին: Իսկ որպես պատճառ ներկայացվել է անցումն ավտոմատացման համակարգին: Արդյունքում` դեպարտամենտի 41 աշխատակիցներն այսօր կանգնած են գործազրկության վտանգի առաջ: Այս մասով Ն. Սարջանյանը հայտնեց, որ դժգոհ աշխատակիցների հետ բանակցություններ են ընթանում:
Ի դեպ, մասնագետների խոսքով՝ վերջին տարիներին ՀԷՑ-ը տեխնիկական ընթացիկ սպասարկում չի իրականացնում: Բիբինի պաշտոնավարման շրջանում՝ 2011-2013թթ., ՀԷՑ-ը, բացի նոր բաժանորդագրումներից, ներդրում չի արել, ինչի համար էլ Երեւանի կենտրոնում էլեկտրաէներգիայի արտադրման դեֆիցիտ կա: Այս պատճառով է նաեւ, որ կենտրոնում հաճախակի հոսանքազրկումներ են լինում: Իսկ ՀԷՑ-ի բողոքող աշխատակիցների խոսքով էլ` Բիբինի վատ աշխատանքի պատճառով է, որ 2011-ին մեծ շահույթ ապահովող ընկերությունը հիմա վնասով է աշխատում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ