Կառավարությունը հավանություն է տվել իր նոր ծրագրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մայիսի 19-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որտեղ Կառավարությունը հավանություն է տվել իր նոր ծրագրին:

Նիստում քննարկվել է մեկ հարց` ՀՀ կառավարության ծրագիրը: Զեկուցումով հանդես է եկել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: «Կառավարության նոր ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013թ. ծրագրի, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության, ՀՀ Նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաեւ խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված` նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները», – ասել է նա:

ՀՀ կառավարությունը հռչակում է, որ իր գործունեության գերակա նպատակը ՀՀ քաղաքացին է՝ նրա ազատության երաշխավորումը, անվտանգության եւ բարեկեցության բարձրացման ապահովումը: Կառավարության ջանքերն առավելապես ուղղվելու են ՀՀ քաղաքացու` ստեղծագործ աշխատանքով իր հայրենիքում իր ապագան կերտելուն: Հայրենիքը յուրաքանչյուր հայի համար դառնալու է ապահով հանգրվան եւ սեփական կարողությունների, աշխարհի տարբեր ծագերում ձեռք բերած փորձի եւ գիտելիքների առավելագույն դրսեւորման երկիր:

Կարողությունների նման դրսեւորման հնարավորություն կարող է ընձեռել միայն հավասար պայմաններ եւ իրական մրցակցություն ապահովող միջավայրը: Կառավարությունն ապահովելու է, որ կանոնները նույնը լինեն բոլորի համար, որ ՀՀ տնտեսությունը բաց լինի թե՛ հայրենական, թե՛ օտար ներդրողների համար:

Զեկուցողի դիտարկմամբ ծրագրում արտացոլված են ՀՀ վարչապետի եւ տարբեր հասարակական կազմակերպությունների, միավորումների հանդիպումների ժամանակ արտացոլված գաղափարները, մտքերը եւ տարբեր մոտեցումները, հատկապես գործարարությանն աջակցելու դրույթները:

Հաշվի է առնվել նաեւ այն հանգամանքը, որ մենք ունենք ծրագրի իրականացման ժամանակահատվածային սահմանափակում, ինչպես նաեւ էական են այդ բոլոր գաղափարները մեկտեղելու խնդիրը եւ այն, որ առկա են ռիսկեր, որոնք պայմանավորված են գլոբալ տնտեսական զարգացման միտումներով, ինչպես նաեւ կոնկրետ մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով:

«ՀՀ կառավարությունը սույն ծրագրի իրականացմամբ 2014-2017 թվականների ընթացքում նպատակադրում է զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում ՀՆԱ-ի միջնաժամկետ 5 տոկոս աճի միջոցով, նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում մինչեւ 65 հազար դրամի եւ աղքատության կրճատման ապահովում 10 տոկոսային կետով», – ասել է փոխվարչապետը:

Ծրագրի հիմնական հատվածները վերաբերում են արդարացի վարձրատրություն ապահովող աշխատավարձերի ստեղծմանը, որտեղ էական եւ կարեւոր նշանակություն ունի գործարար եւ ներդրումային միջավայրը, առանձնակի ուշադրության առարկա են լինելու գյուղատնտեսությունը եւ գյուղը, փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման քաղաքականությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին աջակցության խորացումը, զբոսաշրջությունը եւ մի շարք այլ ուղղություններ: Առանձնակի ուշադրություն է դարձվելու տարածքային համաչափ զարգացման խնդիրներին, ենթակառուցվածքների զարգացմանը, հատուկ ուշադրության են արժանացել նաեւ մարդու իրավունքների պաշտպանության եւ արդարադատության արդյունավետ համակարգի զարգացման խնդիրները: Նոր գործիքակազմ է առաջարկվում սոցիալական պաշտպանության, առողջապահության, կրթության եւ գիտության ոլորտներում: Կառավարությունը հետեւողական ուշադրություն է ցուցաբերելու միգրացիոն գործընթացների կարգավորմանը:

«Տարբեր ծրագրեր են իրականացվելու նաեւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, հարկային եւ մաքսային համակարգերի զարգացման, մրցակցության պաշտպանության ուղղությամբ: Կառավարությունն իր գործունեության մեջ հաշվի է առնելու նաեւ Մաքսային միության գործընթացների հանգամանքը», – շեշտել է զեկուցողը:

Ամփոփելով նիստը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերստին կարեւորել է այն իրողությունը, որ կառավարության նոր ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի, նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացրած կարծիքները, որոնք առավելագույնս ընդգրկվել են փաստաթղթի նախագծում: «Իհարկե, ընդունվել են ողջամիտ առաջարկությունները, իսկ ֆինանսական մեծ ռեսուրս պահանջող առաջարկությունները չէին կարող ընդգրկվել», – եզրափակել է վարչապետը:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:






Լրահոս