Չեմ կարծում` Շուշան Պետրոսյանն ուզում է ինքնահաստատվել. Ռ. Ամիրխանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն այսօր կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանից հետաքրքրվեց`  արդյոք ճիշտ է համարում իր գործընկերոջ Շուշան Պետրոսյանի հայտարարությունը լրագրողների մասին:

Հիշեցնենք, որ երգչուհին լրատվամիջոցների ներկայացուցիչներին վիրավորել էր` նրանց անվանելով անբարոյական:

Ամիրխանյանի կարծիքով`  Շուշան Պետրոսյանի ասածը նույնն է, թե ասել, որ բոլոր երգիչներն անբարոյական են: «Կան երգիչներ, որ  հայկական երգերի մեջ օտար ելևէջներ են մտցնում, որ երգը դարձնում են ծախու ապրանք, բայց կան  երգիչներ, որոնք բարեխիղճ կատարում են իրենց գործը: Նույն երևույթը կա նաև լրագրողների շրջանում: Հետևաբար, ընդհանրական  հայտարարություն անելը բոլոր լրագրողների հասցեին՝ ճիշտ չէ»,- ասաց կոմպոզիտորը:

Նրա կարծիքով` սովորաբար նման հայտարարություն անում են այն ստեղծագործողները, որոնք ուզում են  ինքնահաստատվել, բայց չի կարծում, որ Շուշան Պետրոսյանն  ինքնահաստատվելու խնդիր ունի: «Նա այդ մարդկանց շարքում չէ»,- նշեց կոմպոզիտորը:

Արվեստագետի խոսքով` ամեն քայլափոխի  ստեղծագործողներին մեկնաբանում են. «Մի խոսք կա, ասում են` չեմ վախենում` ինձ կհասկանան, թե ոչ: Ես վախենում եմ, որ ինձ սխալ մեկնաբանեն: Ուղղակի մեզ հարկավոր է ապրել այնպես, որ մեզ ուրիշները չմեկնաբանեն»:

Սոնա Դավթյան




Լրահոս