ԲՈԼՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանի կնոջ` Ռիտա Սարգսյանի հետ մտերիմ լինելու շնորհիվ չէ, որ ինքը մինչեւ այսօր պաշտոնավարում է, Ռիտա Սարգսյանն ընդամենը իրականացնում է մշակութային ծրագրեր, հովանավորում է մշակույթի ոլորտը:
-Տիկի՛ն Պողոսյան, օրերս մեծ աղմուկ բարձրացավ` կապված բանաստեղծ Պետրոս Դուրյանի գանգը Պանթեոնում պատի մեջ զմռսելու հետ: Ո՞րն է պատճառը, որ բանաստեղծի մասունքը ոչ թե հավուր պատշաճի թաղվում է, այլ ընդամենը պատի մեջ զմռսվում:   
-Գիտեք ի՞նչ կա, շիրիմի պարագայում մենք հողի տակ թաղում ենք, երբ ամբողջ մարմինը կա: Տվյալ դեպքում չկա, տվյալ դեպքում միմիայն գանգի մասին ենք խոսում, այսինքն` այդ մարդն ունի շիրիմ Թուրքիայի տարածքում: Հիմա խոսքը միմիայն գանգի մասին է: Դուրյանի պարագայում ընդամենը մի մասունք է, որը մենք չենք կարող նույն ձեւով, նույն սկզբունքով ամփոփել, ինչպես ամբողջ մարմինը:  Եւ դա է պատճառը, որ նույն Պանթեոնի տարածքում որոշվեց ամփոփել պատի մեջ: Ունենանք էլի նման դեպքեր, էլի նույն ձեւով կվարվենք: Դրա համար այս մեկնաբանությունները շատ արհեստական են, չկա տենց խնդիր: Վերջին տարիների տենդենցներն էլ տեսաք ու հասկացաք, որ ում տեղը Պանթեոնում ա, ուրեմն Պանթեոնում ա: Օրինակ` ես չեմ համակերպվում Առնո Բաբաջանյանի` Պանթեոնում չգտնվելու փաստի հետ, ես ներքուստ համաձայն չեմ, բայց այդ վերաթաղում եւ այլն… դուրս չի գալիս այդ գործընթացը: Մենք ուզում ենք շատ զգույշ լինել, շատ նուրբ լինել, ոնց որ համակարգ ստեղծել, որով բոլոր ժամանակներում կառաջնորդվեն: Դուրյանի դեպքում որեւէ փաստաթուղթ չկա, թե ինչ է նա ուզել, դրա համար որոշումը մնացել է մեզ վրա:
-Դուք անկուսակցական եք, սակայն մշակույթի նախարարի պաշտոնում 2006թ. Ձեր թեկնածությունն առաջադրեց Գուրգեն Արսենյանի ՄԱԿ կուսակցությունը: Առաջիկա խորհրդարանական ընտրություններում որեւէ կուսակցության պաշտպանելո՞ւ եք:
-Գիտեք ի՞նչ, ես այսօր կառավարության անդամ եմ, բոլորի կողքին եմ եւ բոլոր կուսակցությունների կողքին եմ: Ովքեր այսօր մշակույթի կողքին են, ես էլ իրենց կողքին եմ: Ասեմ, որ ինձ համար շատ կարեւոր է, որ այդ գործընթացը լինի, եւ այդ իմաստով ես բոլոր նրանց կողքին եմ, ովքեր մշակութային գործունեություն են ծավալում:
-Շուտով ակտիվ քարոզարշավ է սկսվելու, Դուք մասնակցելո՞ւ եք նախընտրական քարոզչությանը: Եւ այդ պարագայում ո՞ւմ կողքին եք լինելու:
-Ես մշակույթի կողքին եմ, մշակույթի շահերի կողքին եմ: Ես այսօր գտնվում եմ Հանրապետական կուսակցության քվոտայի վրա, եւ բնականաբար, իմ աշխատանքով պատասխանատվություն ունեմ այդ կուսակցության առջեւ:
-Իսկ ձայներ բերելո՞ւ եք Հանրապետական կուսակցության համար:       
-Գիտեք ի՞նչ, մեր մշակութային կազմակերպություններում ընդհանրապես արգելված է որեւէ տեսակի քարոզչություն: Եւ դա դեռեւս 4-5 տարի առաջ հաստատված է նախարարի հրամանով, որ ոչ միայն կոնկրետ կուսակցության, այլ ընդհանրապես մշակութային կազմակերպություններում քարոզչությունը խստիվ արգելված է, դա է մեր սկզբունքը: Դրա համար յուրաքանչյուր մարդ պետք է կատարի իր օբյեկտիվ ընտրությունը:
-Վերջին շրջանում   Ձեր պաշտոնանկության մասին լուրերը կրկին ակտիվացան:  Սակայն, ըստ որոշ տեղեկությունների, Ձեզ պաշտոնանկ չեն անում, քանի որ Դուք Սերժ Սարգսյանի կնոջ` Ռիտա Սարգսյանի հետ շատ մտերիմ եք: Արդյո՞ք դա է Ձեզ օգնում պահպանել նախարարական պաշտոնը:
 -Իսկ ո՞նց եք ուզում, որ ես այդ հարցին պատասխանեմ: Ես էլ Ձեզ հարց եմ տալիս, իսկ ես ինչո՞ւ պետք է պաշտոնանկ լինեմ: Այսինքն` նենց վատ ա մշակույթի վիճակը, հա՞, որ ես պետք է պաշտոնա՞նկ լինեմ, այսինքն` ոչ մի լավ բան չի՞ կատարվում: Մամուլով կարող է խոսվի, որովհետեւ ինչ-որ մարդկանց պետք է, որ իրենք այդպիսի պատկերացում ունենան: Ես էլ հարց եմ տալիս` մշակույթի ոլորտը վա՞տ ա, այնպիսի վիճակ ա,  որ ես… ես այդպես չեմ համարում, որովհետեւ ես համարում եմ, որ բազում խնդիրների հետ կողք կողքի լուրջ գործընթացներ եղան մշակույթի ոլորտում:
-Այսինքն` Դուք գո՞հ եք մշակութային ոլորտում Ձեր կատարած աշխատանքից:
-Մշակութային ոլորտում գործընթացներ եղան` թանգարանային, երաժշտական,  գեղագիտական վարպետության եւ այլն, եւ այլն: Ես աշխատում եմ, այսինքն` պաշտոն զբաղեցնելը դա ինքնանպատա՞կ է: Եթե ինչ-որ մեկին թվում է, որ ինքնանպատակ է,  ինձ համար այդպես  չէ: Ով որ այդպես կարծում է, հավանաբար իր համար ինքնանպատակ է պաշտոն ունենալը: Ուղղակի մենք իրականացնում ենք մշակութային ծրագրեր` Ռիտա Սարգսյանն իրականացնում է մշակութային ծրագրեր, հովանավորում է մշակույթի ոլորտը, եւ հավանաբար, այդ մշակութային ծրագրերի առկայությունը բերում է նմանատիպ գաղափարների  եւ կարծիքների ձեւավորմանը:   

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս