ՀՅԴ-ն պահանջում է չտեղադրել Անաստաս Միկոյանի արձանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սույն թվականի ապրիլի 30-ին Երևանի քաղաքապետարանը, առանց հանրային քննարկման, որոշում կայացրեց մայրաքաղաքում տեղադրել խորհրդային պետական-կուսակցական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը։ Որոշումը կայացվել է ոչ միայն առանց հասարակության տեղեկացման, այլեւ վերոհիշյալ գործչի գործունեության, Հայաստանի ու հայ ժողովրդի առջեւ նրա ծառայությունների արժեւորման շուրջ մասնագիտական քննարկումների։

Մինչդեռ Հայաստանի առաջին հանրապետության կործանման, հետագայում ստալինյան մարդատյաց ռեժիմի կողմից բազմահազար մարդկանց ոչնչացման մեջ գործուն դերակատարություն ունեցած այս անձի արձանի տեղադրումը սրբապղծություն է այդ անմեղ զոհերի հիշատակի եւ նրանց ժառանգների զգացմունքների առջեւ։ Արձանները ոչ միայն գեղագիտական ճաշակի դաստիարակության համար ստեղծված արվեստի գործեր են, այլեւ այն ազգային ու բարոյական արժեքների քարոզչության միջոցներ, որոնք առաջնահերթ կարեւորություն են ներկայացնում պետականության ամրապնդման ու զարգացման համար։

Ամենամակերեսային ուսումնասիրությունն անգամ ակնհայտ է դարձնում, որ արձանի տեղադրումը վնասելու է մեր պետության միջազգային վարկը, նրան դնելով այն երկրների շարքում, որտեղ գովազդվում ու քարոզվում են բռնապետական վարչակարգերն ու նրանց գործիչները։

 Նկատի ունենալով վերոհիշյալը, ՀՅ Դաշնակցության Երեւանի Քաղաքային կոմիտեն պահանջում է Երեւանի ավագանուց բեկանել կայացված որոշումը, հետագայում ձեռնպահ մնալով առանց հանրությանը մասնակից դարձնելու մայրաքաղաքի համար կարեւոր որոշումներ կայացնելու գործելակերպից։

 Հայ Յեղափոխական Դաշնակցության Երևանի Քաղաքային կոմիտե




Լրահոս