Կ. Ճշմարիտյանը ժամանակ խնդրեց Գագիկ Խաչատրյանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր ՀՀ կառավարության նիստում անդրադարձավ դրամավարկային քաղաքականությանը և հանդես եկավ որոշակի առաջարկներով:
Գագիկ Խաչատրյանը հայտարարեց, որ ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին տնտեսական ակտիվությունը աճել է 3.3 %-ով, որին նպաստել են գյուղա­տնտեսությունը (1.5 տոկոսային կետ), ծառայությունները (1.5), առևտուրը (0.9), շինարարությունը (0.1), բացասա­կան՝ արդյունաբերությունը (-0.7 տոկոսային կետ):

Հաշվի առնելով նկարագրված իրավիճակը, ինչպես նաև արտաքին աշխարհից եկող փաստացի բացասական զարգացումները, մասնավորապես, պղնձի գների անկումը միջազգային շուկայում և Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումները, 2014 թվականին ՀՆԱ իրական աճի 5.8 տոկոս կանխատեսման սցենարը լավատեսական ենք համարում:

Այս պայմաններում գտնում ենք, որ 2014 թվականին մասնավոր ծախսումների և ՀՆԱ ճեղքը կշարունակի մնալ բացասական և հետևաբար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պետք է ցուցաբերի առավել բարձր ճկունություն` տնտեսական ակտիվության խթանման ուղղությամբ:
Ֆինանսների նախարարը նաև նշեց, որ դրամավարկային քաղաքականության ծրագրում պարբերաբար նշվում է հարկաբյուջետային քաղաքականության ազդեցության մասին՝ որպես պահանջարկի տեսանկյունից տնտեսական աճի և գնաճի վրա ազդող նշանակալի գործոն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գնահատվում է 1.5 տոկոս խթանող:

«Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ ըստ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գնահատականի 2014 թվականին հարկաբյուջետային քաղաքականությունը տնտեսական աճի վրա կունենա 0-ից 0.5 տոկոս խթանող ազդեցություն: Հաշվի առնելով վերը նշվածը` կարծում ենք, որ հարկաբյուջետային քաղաքականության 2014 թվականի ազդեցությունը` որպես պահանջարկի տեսանկյունից տնտեսական աճի և գնաճի վրա ազդող նշանակալի գործոն, պետք է բացառել և կանխատեսվող հորիզոնում լրացուցիչ ճշգրտումներ իրականացնել դրամավարկային պայմանների թուլացման մասով»,- մանրամասնեց պրն Խաչատրյանը:

Ֆինանսների նախարարը նաև հայտարարեց, որ ներկայիս ցածր տնտեսական ակտիվության, ցածր գնաճային միջավայրի և հարկաբյուջետային քաղաքականության թույլ խթանող ազդեցության պայմաններում դրամավարկային քաղաքականության ծրագրում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից առաջարկվող թույլ ընդլայնման մոտեցումը ճշգրտման կարիք ունի. այն պետք է լինի տնտեսական զարգացումներին համահունչ և հնարավորինս ընդլայնող:

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ  խնդրեց մեկ օր ժամանակ, քանի որ կան որոշ ռիսկային հարցեր,  որոշումը քննարկելու  և ընդհանուր հայտարարի գալու համար:




Լրահոս