Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բարձրաքանդակի հեղինակն է: Այսօրվա ասուլիսում քանդակագործը նշեց, որ իրեն մտահոգում է հետևյալ հարցը` արդյոք այս վաճառքը մնացած նախկին կառույցների շարունակությունը չէ:
«Եթե համալիրը պետական հարկերը չի կարողանում վճարել, թող պետությունը դոտիացիա տա: Բայց ինչո՞ւ վաճառել: Եվ, ի վերջո, ո՞վ է գնելու այդ կառույցը»,- մտահոգված է քանդակագործը:
Արվեստագետը «ԲԱՄՕ» ընկերության սեփականատերերից շնորհակալ է, քանի որ նրանք վերականգնեցին կառույցը:
«Վերին մեծության քաջ նազարները վաճառեցին ամեն ինչ, դարձրին սուպերմարկետներ: Ինչով համոզված չլինենք, որ սա էլ չեն դարձնի ախմախ մի բան: Բա որ մի աղանդավորական կառույցի ղեկավար գնի այն ու դա դարձնի հերթական ախմախություն»,- ասաց բանախոսը:
Հարցին` գիտի՞քանդակագործը` ով է հավանական գնորդը, քանդակագործը դրական պատասխանեց, բայց անուններ չհրապարակեց, միայն ասաց. «Աղանդավորները լցվում են մեր երկիրը: Գնորդը ոչ մի լավատեսություն չի ներշնչում»:
Ասուլիսի մյուս բանախոս, ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին չի վախեցնում կառույցի աճուրդը, քանի որ ցանկացած կառույց պահպանվում է վաճառվելով. սեփականատերը գնելով այն, որոշակի ներդրումներ է անում և փորձում պահպանել:
«Բայց մեզ մոտ մի այլ գործընթաց է տեղի ունենում: Դառը փորձը ցույց է տվել, որ երբ գնում են ճարտարապետական մի կառույց, այն կորցնում է իր նախկին տեսքը: Վերջին դեպքը Փակ շուկան է, որը վերածվեց սուպերմարկետի»,- ասաց Մ. Մինասյանը:
Ճարտարապետների միության նախագահը կարծում է, որ համալիրի առքուվաճառքի պայմանագիրը պետք է թափանցիկ դարձվի, հասարակությունը պետք է իմանա, որ համալիրի ապագա սեփականատերը կառույցի ճարտարապետությանը ձեռք չի տա ու չի աղավաղվի:
Ի դեպ, համալիրն ընդգրկված է պահպանվող հուշարձանների ցանկում: