Սայաթ-Նովա փողոցի 10-12 շենքի բնակիչները շարունակում են դեմ արտահայտվել իրենց բակում գտնվող կաթսայատան վայրում բազմաֆունկցիոնալ 6 հարկանի շենքի կառուցմանը: Բնակիչները նշում են, որ կառուցապատող ընկերությունը` «Լարկո» գրուպը, փակում է բակ տանող մեքենայի ճանապարհը:
Armlur.am-ի հետ զրույցում բնակիչների փաստաբան Ալբերտ Կանդալյանը հայտնեց, որ հունիսին տեղի է ունենալու դատական հերթական նիստը, որի ընթացքում, սակայն, փաստաբանը բնակիչների պահանջով հետ է վերցնելու հայցադիմումը, քանի որ փաստաբանի բոլոր միջնորդությունները մերժվել են: «Չենք վստահում դատարանին ու դատավորին»,-ասաց փաստաբանը:
Զրուցեցինք նաև Սայաթ-Նովայի 10 շենքի բնակիչ Ալբերտ Սարգսյանի հետ, ով ասաց, որ դեռ չեն որոշել` ինչ ճանապարհով են պայքարելու ապօրինի շինարարության դեմ: Մենք մեր մեջ վառվելու ենք, ինչ պետք է անենք: Անբարոյականին ասում են կույս, կույսին`անբարոյական»,- վրդովված ասաց բնակիչը` հավելելով, որ խնդիրը կլուծվի միայն այն դեպքում, երբ իշխանություն կփոխվի:
«Համոզված եմ` այդ դեպքում շինարարության թույլտվություն տվող պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվեն»,- եզրափակեց բնակիչը:
Սոնա Դավթյան