ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության անակնկալ ստուգայցի արդյունքում մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի թ.130 մանկապարտեզում արձանագրվել են սննդի պահպանման եւ պիտանելիության ժամկետների կոպիտ խախտումներ, ինչի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն: Երեխաներին մատուցվող սննդի կազմակերպման կոպիտ խախտումների հետեւանքով թ.130 մանկապարտեզի տնօրենն ազատվել է աշխատանքից:
ԵՐԱԽՏԱԳԵՏ Է
«Նոր ժամանակներ» կուսակցության վարչությունն իր եւ բազմահազար կուսակցականների անունից երախտագիտությամբ արձանագրում է, որ 2012 թվականի հունվարի 24-ին` ի դեմս Ֆրանսիայի Հանրապետության Սենատի, Ֆրանսիան եւ Ֆրանսիայի ժողովուրդը որպես պատմական իրողություն փաստեցին, որ քաղաքակրթական զարգացումն առավել կարեւոր է, քան այսրոպեական քաղաքական շահը: «Մենք հավատում ենք, որ Հայ Ժողովրդին բարեկամ Ֆրանսիայի բարձրագույն քաղաքական մարմնի բացառիկ առաքինի վերաբերմունքը 1915 թվականին Թուրքիայի իշխանությունների կողմից կազմակերպված բազմամիլիոն Ցեղասպանության տուժածներին` ողջ հայությանը, Մարդկային Բարձրագույն Արժեքներին հավատարիմ մնալու լավագույն խոստովանությունն է»,-ասված է ՆԺԿ հաղորդագրությունում:
ՄԱՆՎԵԼԻ ՈՒՂԵՐՁԸ
«Երկրապահ» կամավորական միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը բանակի օրվա կապակցությամբ (հունվարի 28) շնորհավորական ուղերձ է հղել, որում ասված է. «Հայոց բանակի կազմավորման 20-րդ տարեդարձը համայն հայության տոնն է: Մեր ժողովուրդն իր ոգու եւ կամավորականների խիզախության շնորհիվ ամրագրեց անկախության ձգտումը, ռազմադաշտի հաջողությունները, պետության սահմանները, բանակի անպարտելիությունն ու այսօրվա խաղաղությունը»
ՆՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ
Հունվարի 24-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը ԵԽ մարդու իրավունքների նոր հանձնակատարի ընտրություններ է անցկացրել: Այդ պաշտոնին հավակնել է երեք թեկնածու` բելգիացի Պիեր Իվ Մոնետը, լատվիացի Նիլս Մուիժնեքսը եւ հոլանդացի Ֆրանս Թիմերմանսը: armlur.am-ը տեղեկացավ, որ ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատար է նշանակվել լատվիացի պատվիրակ Նիլս Մույնիեսկը` վեց տարի ժամկետով: Նա իր պարտականությունները կստանձնի ապրիլի մեկից: Իսկ Համմարբերգը վաղը կներկայացնի իր գործունեության վերջին զեկույցը եւ կպատասխանի պատվիրակների հարցերին:
ՀՈՒՅՍՈ՛Վ ՄՆԱՑԵՔ
Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ Ֆրանսիայի դեմ թուրքական պատժամիջոցների սահմանումը կախված կլինի Ֆրանսիայի հետագա գործողություններից: «Մենք չենք ընդունում օրինագիծը, որ հաստատվել է Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներում: Մենք կտրականապես հայտարարում ենք, որ դա ոչ ճիշտ քայլ է: Մենք չենք կորցրել այդ սխալն ուղղելու հույսը»,-հույս է հայտնել Էրդողանը:
2 ՇԱԲԱԹՈՒՄ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը ստորագրելու է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը` հղում անելով Ելիսեյան պալատի իր անանուն աղբյուրին:
«Հանրապետության նախագահն օրենքը կվավերացնի սահմանված ժամկետում` երկու շաբաթվա ընթացքում»,-ասել է նախագահական վարչակազմի ներկայացուցիչը: