Մայիսի 17-ից Վրաստանի տարածքում գրանցված փլուզման պատճառով փակ է Վերին Լարսի անցակետը, որի պատճառով Հայաստան ներկրվող ու արտահանվող բեռներով բեռնատարները սպասողական վիճակում են: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը armlur.am-ի հետ-ի զրույցում ասաց, որ վրացական կողմը տեղեկացրել է, որ 15 օրվա ընթացքում կվերականգնեն մայրուղին, սակայն չի բացառվում, որ մեկ ամսից այն կվերականգնվի:
Ղազարյանի խոսքով` Վերին Լարսի անցակետի փակ լինելու պատճառով խաթարված է թե արտահանումը, թե ներկրումը:
«Գործարարները փորձում են այլ երթուղիով բեռները տեղափոխել Հայաստան: Ցավոք, ուկրաինական լաստանավերից օգտվել չի լինում, քանի որ անկայուն է Ուկրաինայի վիճակը և ռիսկային է լաստանավերից օգտվելը»,- մանրամասնեց Ղազարյանը:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահի խոսքով, եթե Վերին Լարսի անցակետը հանկարծ ամբողջությամբ փակվի, ապա կլինի այն իրավիճակը, որն առկա էր 1990-ականներին, երբ բեռները տեղափոխվում էին միայն նավահանգիստների միջոցով:
Մեր զրուցակցի խոսքով` Հայաստանում գործող «Ապավեն»-ը խոշոր բեռնափոխադրող ընկերությունն, օրինակ, որոշել է այլընտրանքային եղանակից օգտվել.«Ապրանքները բեռնարկղերով տեղափոխելու ենք Փոթի, Փոթիից Նովոռոսիյսկ, պարզապես այս տարբերակից օգտվելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ծախսեր ու ժամանակ»:
Սոնա Դավթյան