Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը իրար «գլխի» էր հավաքվել խմբակցության ղեկավար եւ քարտուղար ընտրելու համար: ՀՀԿ-ական պատգամավորները խորհրդարան եկան շատ բարձր տրամադրությամբ` ՀՀԿ խմբակցության նիստին մասնակցելու համար: Իսկ նիստը տեւեց ընդամենը մի քանի վայրկյան: Պատգամավորները դահլիճից դուրս գալուց հետո հայտարարեցին, որ ՀՀԿ խմբակցության նոր ղեկավարը Վահրամ Բաղդասարյանն է, իսկ խմբակցության քարտուղարը` օրերս ԱԺ «ոտք» դրած Գագիկ Մելիքյանը: Իրենց գործը համարելով ավարտված` ՀՀԿ-ականները հեռացան խորհրդարանից:
«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նորանշանակ քարտուղար Գագիկ Մելիքյանի հետ:
-Պարոն Մելիքյան, Դուք վերստին ստանձնեցիք ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնը: Ձեր առաջիկա աշխատանքային գործունեության վերաբերյալ ինչպիսի պատկերացումներ ունեք:
-Սովորական աշխատանքային օրեր պետք է լինեն, խմբակցությունում լինելու են նախագծերի քննարկումներ, իսկ պատգամավորներն էլ իրենց կարծիքն են արտահայտելու այդ նախագծերի վերաբերյալ: Պետք է ընդհանուր եզրակացության գանք այդ քննարկումների ժամանակ, որից հետո էլ խմբակցությունը կմասնակցի խորհրդարանում տեղի ունեցող քվեարկություններին: Մենք ցանկացած քննարկումից հետո որոշում կկայացնենք տվյալ նախագծի վերաբերյալ, այսինքն՝ կլինի միահամուռ աշխատանք խմբակցության անդամների հետ:
-Մշտապես նշվել է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներին քվեարկությանը մասնակցելու համար խմբակցության նախկին ղեկավար Գալուստ Սահակյանը «բերման էր ենթարկում» նիստերի դահլիճ, քանի որ ՀՀԿ-ական պատգամավորները հիմնականում խորհրդարան չեն գալիս, առավելեւս քվեարկություններին չեն մասնակցում: Խմբակցության ղեկավարին այս հարցում օգնում էր նաեւ քարտուղարը: Կարողանալու եք այդ գործառույթն իրականացնել:
-Ես չեմ կարծում, որ այդ աշխատանքներում դժվարություններ կան, ուղղակի կան տարբեր բնավորության տեր մարդիկ, որոնք միահամուռ ձեւով պետք է գան ու մասնակցեն քվեարկությանը:
-Բայց արդյո՞ք Ձեզ կհաջողվի պատգամավորներին «ենթարկեցնել», ըստ Ձեզ նրանք կլսե՞ն Ձեր խոսքը:
-Ես չեմ կարծում, որ այստեղ ենթարկվելու կամ չենթարկվելու որեւէ խնդիր գոյություն ունի: ՀՀԿ խմբակցությունում գոյություն ունեն ընկերական, ջերմ, բարիդրացիական, մարդկային հարաբերություններ, որոնք բարձր են ամեն ինչից: Ես որեւէ խնդիր այդտեղ չեմ տեսնում: Խմբակցության ղեկավարի հետ էլ բավականին ջերմ, ընկերական հարաբերություններ ունենք եւ ոչ՝ նոր:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ