ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԵՏՎԵԼ Է ԳԵՏԸ

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշեն գյուղի բնակիչները եւ փրկարարները մայիսի 7-ից որոնում են Բագրատաշենի բնակչուհի, 1946թ. ծնված Էլմիրա Մելքոնյանին: Ըստ բագրատաշենցիների՝ նա տնից դուրս գալիս հարազատներին հայտնել է, թե Դեբեդ գետը նետվելով՝ ինքնասպանություն է գործելու: Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանի խոսքով՝ ինքնասպանություն գործելու պատճառը կարող էր լինել այն, որ կնոջ երիտասարդ որդին վերջերս կաթված է ստացել, ամուսինն էլ հիվանդ է: Գյուղապետը նաեւ չբացառեց, որ Էլմիրան աղբը տարել է իրենց տան հարեւանությամբ հոսող Դեբեդ գետը թափելու, եւ գարնանային վարարումներից հորդացած գետը քշել տարել է նրան: Արկադի Մակյանի վկայությամբ՝ Մելքոնյանները սոցիալական միջին պայմաններում ապրող ընտանիք են, զբաղվում են հողագործությամբ: Տեղեկացանք, որ Երեւանից ժամանած փրկարարներն ու Բագրատաշեն գյուղի բնակիչները գետի հայկական եւ վրացական ափերին ներկայում որոնում են Էլմիրա Մելքոնյանի դին: Դեբեդի վարարած լինելը, սակայն, խանգարում է որոնողական աշխատանքների արդյունավետությանը:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

ԿԸՀ-Ի «ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ» ՏԱՐԱԾՔԸ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս միջադեպ է տեղի ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց: Մի վարորդ իր մեքենան կայանել է ԿԸՀ-ի ծառայողական մեքենաների կայանատեղիում, ինչը խիստ զայրացրել է ԿԸՀ աշխատակիցներին: Քաղաքացին հրաժարվել է իր մեքենան հանել նշված վայրից, որը վերածվել է մեծ աղմուկի: Իրավիճակն այն աստիճանի է բարդացել, որ ԿԸՀ-ի մի խումբ աշխատակիցներ խառնվել են լեզվակռվին: Ըստ ականատեսների` ԿԸՀ աշխատակիցները ասել են, թե սա իրենց տարածքն է ու վերջ, իսկ քաղաքացին հայհոյելով ասել է. «Ձեր հոր տնից եք բերե՞լ»: Ինչեւէ, իրավիճակը փրկել են ԿԸՀ-ի տարածքում հսկողություն իրականացնող ոստիկանները, ովքեր հանդարտեցրել են թե՛ ԿԸՀ աշխատկիցներին, թե՛ վարորդին:

ՆՈՐ ԿՅԱՆՔՈՒՄ ԿՅԱՆՔ ՉԿԱ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մայիսի 11-ին Վեդիի հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ: Ըստ մեզ հասած տեղեկությունների` Նոր Կյանք գյուղի տներից մեկում լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Խաչիկի եւ իր փեսայի միջեւ: Վերջիններս այն աստիճանի են տաքացել, որ 1992թ. ծնված Խաչիկը խոհանոցի դանակով հարվածել է իր քրոջ ամուսնուն: Ըստ Նոր Կյանք գյուղի բնակիչների` Խաչիկը այդ քայլին գնացել է, քանի որ փեսան շատ վատ է խոսել Խաչիկի քրոջ հետ: Իսկ Խաչիկը նկատելով, որ դա հաճախակի բնույթ է կրում փորձել է հաշվեհարդար տեսնել փեսայից` դանակահարելով նրան: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը: Խաչիկը ստորագրությամբ ազատ է արձակվել, կատարվում է նախաքննություն:

ՓՈՐՁԵԼ Է ԽԵՂԴԵԼ

Armlur.am-ի տեղեկություններով՝ երեկ՝ ժամը 04:15-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Դուբայ-Երեւան չվերթի ինքնաթիռում: Մեր աղբյուրների փոխանցմամբ` ինքնաթիռում անկարգ ուղեւոր է եղել, ով չի ենթարկվել անձնակազմի հրահանգներին, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել բորդուղեկցորդուհուն եւ փորձել խեղդել նրան: Armlur.am-ին հաջողվեց պարզել, որ ուղեւորը եղել է 37-ամյա Արտյոմ Միրզոյանը, ում ինքնաթիռի վայրէջքից հետո բերման են ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին: Armlur.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության բաժինը հաստատեց տեղեկությունը:




Լրահոս