Երեկ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ այցելել է Երեւանի Մաշտոցի պողոտայի հարակից պուրակ, որը հանդիսավորությամբ անվանակոչվել է Ֆրանսիայի ազգային հերոս, բանաստեղծ Միսաք Մանուշյանի անունով: Մինչ միջոցառումը, սակայն, մի խումբ ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի են ունեցել բախումներ, որոնց արդյունքում ոստիկանությունը բերման է ենթարկել 7 ակտիվիստի: Հիշեցնենք, որ խոսքը պուրակի այն հատվածի մասին է, որը երկու տարի առաջ մի խումբ ակտիվիստների տեւական պայքարի արդյունքում չվերածվեց «դախլանոցների» եւ այսօր դարձել է երեւանցիների սիրված հանգստի վայրերից մեկը: Ինչ խոսք, մոռանալ կամ թերագնահատել ակտիվիստների 90- օրյա պայքարը չարժե, սակայն այն, ինչ երեկ կատարվեց, մեղմ ասած, տեղին չէր:
Բանն այն է, որ մի խումբ ակտվիստներ դեռեւս նախօրեին բաց նամակով դիմել էին Ֆ. Օլանդին` կոչ անելով չմասնակցել «Մաշտոցի պուրակի նշանակությունը խեղող միջոցառմանը» եւ շեշտելով, որ «Հայաստանի գործող կառավարությունն ու քաղաքային իշխանություններն իրենց քայլերով ամեն ինչ անում են՝ արժեզրկելու ազատության, խաղաղ հավաքների ու համերաշխության գաղափարները եւ դրա խորհրդանիշ դարձած տարածքները»: Ակտիվիստների կարծիքով` իշխանություններն այդպիսով փորձում են հանրային գիտակցությունից հանել «Մաշտոցի պուրակ» հասկացությունը, որը խորհրդանշում էր քաղաքացիական անհնազանդությունն ու պայքարը սեփական իրավունքների համար:
Մի կողմ թողնելով այն անհեթեթ ձեւակերպումը, որ մեծ հայորդու` Մ. Մանուշյանի անվամբ պուրակը կոչելը կարելի է համարել «պուրակի նշանակությունը խեղող միջոցառում», փորձենք հասկանալ, թե որքանով են քաղաքացիական հասարակության այս ներկայացուցիչներն իրենց պահվածքով նպաստում ազատության եւ համերաշխության գաղափարների արժեւորմանը: Արդյոք տեղին-անտեղին ակցիաներ, պիկետներ եւ այլ միջոցառումներ կազմակերպելով նրանք հենց ինքներն այնպես չեն անում, որ հասարակության մի ստվար զանգվածի մոտ հակակրանք առաջանա իրական քաղաքացիական ակտիվության եւ պայքարող հատվածի հանդեպ:
Հասկանալի է, որ արեւմտյան տարբեր աղբյուրներից սնուցվող այս գրանտակերներն իրենց դոնորների առջեւ հաշվետու լինելու խնդիր ունեն, բայց անթույլատրելի է, երբ դա վերածվում է բացահայտ խեղկատակության: Է՛լ ավելի անընդունելի է, երբ քաղաքացիական պայքարը փորձ է արվում տեղափոխել քաղաքական դաշտ` դրա համար փորձելով օգտագործել օտար երկրի նախագահի անունը:
Մաշտոցի պուրակը Մ. Մանուշյանի անունով կոչելը որեւէ չափով չի արժեզրկում պուրակի համար ակտիվիստների պայքարը: Իսկ եթե նրանք չեն ցանկանում, որ «Մաշտոցի պուրակ» հասկացությունը հանրային գիտակցությունից հանվի, ապա դրա լավագույն ձեւը նույնքան հետեւողական պայքարն է մայրաքաղաքում առկա բազմաթիվ այլ պուրակների կառուցապատման դեմ:
ԷԼԻ ՊՈՒՐԱԿՆԵՐ ԿԱՆ (խմբագրական)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ