«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ Նիգ-Ապարան հայրենակցական միության կազմակերպած տոնական միջոցառմանը մասնակցում էին նաեւ բազմաթիվ գործարարներ։ «ՉԻ» լրագրողը փորձեց նրանցից մեկից` Երեւանի թռչնաբուծարանի «X գրուպի» սեփականատեր Խաչիկ Խաչատրյանից (Ձվերի Խաչիկ) հետաքրքրվել, թե մասնակցե՞լ է նա վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավիրած գործարարների խորհրդակցությանը, վերջինս պատասխանեց, որ չի մասնակցել։
Հարցին չե՞ն հրավիրել իրեն, թե ինքը ստվերում չի աշխատում եւ խորհրդակցության կարիք չի ունեցել, Խաչատրյանը պատասխանեց, որ հրավիրել են, բայց քաղաքում չի եղել։ Հաջորդ հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում վարչապետի` գործարարներին ուղղված` ստվերում չաշխատելու հորդորին, Խաչատրյանը պատասխանեց. «Շատ լավ, շատ լավ» ու հավելեց, որ ինքը երբեւէ ստվերում չի աշխատել։
«ՉԻ» դիտարկմանը, թե կարողանու՞մ է Աղվան Հովսեփյանը գլխավոր դատախազի պաշտոնը լքելուց հետո էլ մնալ գործարարի հովանավորը, Խաչատրյանը վրդովված պատասխանեց. «Լավ, էլի, էս ազիզ օրով անկապ հարցեր մի տվեք։ Բերեք մի քաղաքականացրեք եւ մենակ հաճելի հարցեր տվեք»: Իսկ ո՞րն է համարում գործարարը հաճելի հարցը հարցադրմանը, «X գրուպի» սեփականատերը պատասխանեց. «Բնության մասին, օրինակ։ Նայեք ինչ պայծառ օր ա, ինչ հաճելի օր ա, նայեք ինչ ծաղիկներ են ու ինչ երջանիկ մարդիկ են կանգնած ուրախ ժպիտով ու բարձր տրամադրությամբ»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: