ՀՀ արտաքին գործերի նախարարության 2013 թվականի բյուջեն կազմել է 11 մլրդ 791 մլն դրամ` չհաշված ԱԳՆ-ի պետական արարողական գործընթացի ծառայություն գործակալության բյուջեն, որի համար հաշվետու տարում նախատեսվել էր 263.1 մլն դրամ: Այս մասին այսօր խորհրդարանում նշեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը:
Նա նշեց, որ բյուջեի կատարողականը կազմել է 98.67 տոկոս, այսինքն` փաստացի օգտագործվել է 11.6 մլրդ դրամ. «ԱԳՆ-ն պատասխանատու է եղել շուրջ 20 ծրագրերի համար, բացի այդ` Կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ միջոցներ են հատկացվել, մասնավորապես` շուրջ 352 մլն դրամ, որի օգտագործումը կազմել է 88.47 տոկոս: Նախարարության բյուջեի մեջ տեսակարար կշիռ է ունեցել դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման համար նախատեսված ծրագիրը, որտեղ 7 մլրդ 555 մլն դրամ ճշտված բյուջեի դիմաց արձանագրվել է 99.16 տոկոս կատարողական», – նշեց նա, հավելելով, որ հաջորդն իր մեծությամբ նախարարության աշխատակազմի պահպանման բյուջեն է եղել և նախատեսված 1.1 մրդ դրամն օգտագործվել է 94 տոկոսով և իրականացվել են տարբեր ծրագրեր տարբեր բաժիններով, որտեղ էլ կատարման տոկոսը եղել է 100:
Նա հավելեց նաև, որ միջազգային կազմակերպությունների անդամագրման համար 2013-ի բյուջեով նախատեսվել էր 1.6 մլրդ դրամ, ինչն էլ գրեթե 100 տոկոսով օգտագործվել է: