«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով երեկվա նիստում, Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները` Սերժ Սարգսյանը եւ Էդվարդ Նալբանդյանը, հերթական ամոթալի ձախողումը գրանցեցին:
Նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարեց, թե կա իրենց համար ոչ այնքան հաճելի մի հարց, որը, սակայն, կարելի է հետո լուծել: Ու, դիմելով Սերժ Սարգսյանին, ասաց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից նամակ են ստացել, ըստ որի՝ «Հայաստանն Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցել է վերապահումով՝ դրույթները պետք է տարածվեն Հայաստանի այն տարածքների վրա, որոնք ՄԱԿ-ի կողմից ճանաչված միջազգային սահմանների շրջանակներում են, ինչպես ԱՀԿ-ում է»:
Այլ կերպ ասած, Հայաստանը Եվրասիական միությանը պետք է անդամակցի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Արցախի: «Դուք նման ձեւով միացել եք Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, նախադեպ կա»,- Սերժ Սարգսյանին ասել է Ղազախստանի նախագահը եւ հավելել, թե Եվրասիական միության հիմնադիր երկրների նախագահները չեն ուզում նյարդայնացնել ադրբեջանցի իրենց գործընկերոջը: Հիշեցնենք, որ ՀՀ-ն ԱՀԿ-ին անդամակցել է 2003թ. փետրվարի 5-ին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք:
Ի դեպ, երեկ Սերժ Սարգսյանն այս վտանգավոր հայտարարությանը պատասխանելու փոխարեն, ըստ էության, ժամանակ խնդրեց մինչեւ ընթացիկ տարվա հունիսի 15-ը»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: