Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 30-ին, ժամը 23.50-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ – Էջմիածին հատվածում` գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել միջպետական Մ-3 ավտոճանապարհի Էջմիածին – Աշտարակ հատվածում` «Դվին» ռեստորանի մոտակայքում. կան տուժածներ:
Բախվել են «Մերսեդես» մակնիշի 20 VV 777 եւ «Օպել» մակնիշի 23 ԼՍ 563 պետհամարանիշերի ավտոմեքենաները եւ հայտնվել հարակից դաշտում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 30-ամյա Ա. Մ.-ն եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ 35-ամյա Փ. Ս.-ն, 26-ամյա Ա. Կ.-ն ու 40-ամյա Է. Ա.-ն տեղափոխվել են Վաղարշապատ քաղաքի ԲԿ, որտեղ Է. Ա.-ն մահացել է, իսկ Ա. Մ.-ն տեղափոխվել է Էրեբունի ԲԿ:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
Բժիշկները Ա.Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար: