Հ1-ը գովազդ չի ունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի 5-րդ գումարման հինգերորդ նստաշրջանի` հունիսի 9-12-ի չորսօրյա նիստերի օրակարգ է առաջարկվում մտցնել դրական եզրակացություն ստացած  «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցերը:

Առաջարկվում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի օրենքի 26-րդ հոդվածի 6.1-րդ կետը վերախմբագրել հետևյալ բովանդակությամբ:

«Հանրային հեռուստատեսությամբ արգելվում է ցուցադրել գովազդ, բացառությամբ սոցիալական գովազդի, ինչպես նաեւ մշակութային, ուսումնական, գիտակրթական և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին սույն օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան տեղեկություններ նշելու դեպքերի, բայց ոչ ավել, քան մեկ հովանավոր յուրաքանչյուր մշակութային, ուսումնական, գիտակրթական եւ սպորտային հեռուստահաղորդման ցուցադրման ժամանակ: Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող սոցիալական գովազդի, ինչպես նաեւ մշակութային, ուսումնական, գիտակրթական եւ սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների  մասին հիշատակումը եթերային մեկ ժամվա ընթացքում չպետք է գերազանցի 90 վայրկյանը:

Սույն կետի դրույթները չեն տարածվում hանրային հեռուստատեսության արբանյակային կապով եթերի հեռարձակումների, ինչպես նաեւ հանրային հեռուստատեսությամբ միջազգային հեղինակավոր մշակութային և (կամ) սպորտային իրադարձությունների այն վերահեռարձակումների վրա, որոնց շրջանակներում դրանց կազմակերպիչների պահանջով պարտադիր պետք է ցուցադրվեն գովազդներ», – նշված է առաջարկության մեջ:

Առաջարկվում է օրենքի նախագիծը քննարկել առաջիկա նիստի օրակարգում և ընդունել երկրորդ ընթերցմամբ:




Լրահոս