ՏՈՒՆ ԵՎ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ Է ՈՒԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան ԳՈՌ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ «Բանակում» սերիալի Ջամշոյանի դերակատարն է: Նրա` սերիալից անհետացումը հեռուստադիտողներից ոմանց  ստիպեց հետաքրքրվել, թե ուր է հիմա այդ դերասանը, ինչով է զբաղված: «Ժողովուրդ» օրաթերթը մշտապես հաշվի է առնում իր ընթերցողի ցանկությունը եւ տալիս նրանց հուզող հարցերի պատասխանները:
-Գո’ռ ջան, հեռուստադիտողները հետաքրքրվում են, թե ուր է Ջամշոյանը:
-Միայն մի տող կասեմ: Շուտով կլինի մեկ այլ նախագիծ, ու հեռուստադիտողները կրկին կտեսնեն ինձ: Թող անակնկալ մնա, շատ բան չեմ ուզում հիմա ասել:
-Քանի որ առաջին անգամ եք մեր հյուրը, մի քիչ պատմեք Ձեր մասին: Արմատներով որտեղի՞ց եք, ի՞նչ մասնագիտություն ունեք:
-Վեդի քաղաքից եմ, այնտեղ եմ ծնվել, մեծացել, բայց պապերս խոյեցի են: 14 տարի է` ապրում եմ Երեւանում, սովորում եմ, աշխատում եմ: Մասնագիտությամբ դերասան երգիչ եմ: Ավարտել եմ Նադեժդա Սարգսյանի մշակույթի քոլեջը, մասնակցել եմ բազմաթիվ երգի փառատոնների, ելույթ եմ ունեցել տարբեր համերգային ծրագրերում, Արսեն Գրիգորյանի «Հայ երգասաններ» խմբից եմ եղել: Որպես մեներգիչ, դերասան` աշխատել եմ նաեւ Երգի պետական թատրոնում:
-Ոնց պտտվում եք, արվեստի ոլորտում եք Ձեզ գտնում:
-Օրինակ` լավ կաֆել-մետլաղ եմ խփում, լավ մեքենա եմ քանդում-հավաքում: Արվեստից բացի` շատ տարբեր հետաքրքրություններ ունեմ: Կարելի է ասել` ամեն ինչով էլ մի քիչ, մի քիչ հետաքրքրվում եմ:
-Հիմա երգո՞ւմ եք, որտե՞ղ:
-Որտեղ ուզեմ: Երգի ասպարեզում տեսահոլովակ չունեմ, ավելի շատ ռեստորաններում եմ աշխատում: Երգում եմ ժողովրդական, քաղաքային, մի խոսքով` տարբեր ժանրերում:
-Էստրադայից հեռո՞ւ եք:
-Շատ սիրում եմ, բայց հազվադեպ եմ երգում:
-Ինչո՞ւ տեսահոլովակներ չեք նկարում:
-Միտք ունեմ հանեմ էկրանին իմ երգը, պարզապես երգի ասպարեզը մի քիչ կեղտոտ ասպարեզ է, դրա համար էլ փորձում եմ հեռու մնալ, մաքուր մնալ: Ամեն դեպքում, մաքուր մասսա դեռ կա:
-Ինչո՞վ է կեղտոտ երգի ասպարեզը:
-Այսօր շատ ճղճիմ է այդ ասպարեզը: Ով ուզում` երգում ա, ում ուզում` փնովում ա, ուտում են իրար էնտեղ: 14 տարի ա` երգում եմ, բայց չեմ կարողացել հոլովակներ նկարել կամ ամեն առիթին եթերում երեւալ:
-Ինչո՞ւ:
-Որովհետեւ տարիներ առաջ այդ հնարավորությունը չունեի, փող էր պետք, ծանոթ, մեջք: Հիմա իրավիճակն այլ է, եւ շատ շուտով նոր տեսահոլովակ կլինի: Էսօր եթերում երեւացող մարդկանցից 70 տոկոսը չի համապատասխանում իր առաքելությանը:
-Կա՞ն մարդիկ, ում պրոֆեսիոնալ եք համարում այդ ասպարեզում:
-Ո՞նց չկան: Ինձ համար պրոֆեսիոնալ են Համլետ Գեւորգյանը, Արսեն Գրիգորյանը` Մրոն, Լիանան, Ռազմիկ Ամյանը, Սոնա Շահգելդյանը: Սրանք այն մարդիկ են, որ պրոֆեսիոնալ մտածում են երգի մասին:
-Շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ ընկերություն անո՞ւմ եք, թե՞ փորձում եք Ձեզ հեռու պահել:
-Լավ ընկերներ ունեմ, բայց ես չեմ ուզում էդ տարատեսակ հավաքույթների մեջ լինել: Ես արվեստագետին նախ իր մարդկային հատկանիշներով եմ դատում: Առաջին հերթին մարդը, հետո գործը: Այդ ասպարեզում խանգարողները շատ չեն, բայց օգնողներ էլ չկան:
-Ուզում եք ասել, որ առանց խնամի-ծանոթ-բարեկամի, երգարվեստում լինել չե՞ք կարող:
-Իհարկե, երգել էլ չիմանաս, բայց լավ խնամի, ծանոթ պատգամավոր ունենաս, կդառնաս ճանաչված երգիչ կամ երգչուհի:
-Ուրեմն այն, որ դեռ չեք գտել Ձեր հիմնավոր տեղը երգարվեստում, ծանոթի բացակայության պատճառո՞վ է:
-Միգուցե լավ չե՞մ կարողանում երգել: Չնայած, եթե հաշվի առնեմ շատ պրոֆեսիոնալների կարծիքը, որոնք ինձ ասել են, որ լավ տվյալներ ունեմ ու լավ էլ երգում եմ, ուրեմն հիմա պետք է ուրիշ կարգավիճակում լինեի:  
-Աշխատանքից բացի` ուրիշ ինչո՞վ եք զբաղվում:
-Ազատ ժամանակ գիրք էի կարդում, արտասահմանյան գրականություն եմ սիրում: Հիմա ազատ ժամանակ սիրում եմ մեքենա քշել, հյուր գնալ: Հաճախ եմ նստում ղեկին ու գնում դեպի բնությունը:
-Ամուսնացա՞ծ եք, ընտանիք ունե՞ք:
-Ամուսնացած չեմ, բայց ընտանիք ունեմ` մամաս, պապաս, քույրիկս, եղբայրս: Շուտով 33 տարեկան եմ դառնալու:
-Չե՞ք մտածում սեփական ընտանիք ունենալու մասին:
-Վա՜յ, մի լավ աղջիկ լինի ձեր խմբագրությունում, կամուսնանամ:
-Ամուսնանալուց բացի, էլ ի՞նչ եք ուզում:
-Տուն եմ ուզում: Իմ տունը Երեւանում չի, էս պահին ինձ մի հատ տուն ա պակասում:  

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս