ԴԱՇՆԱԿԱՀԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
Արամ Խաչատրյան համերգասրահում կտրվի Արամ Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական մրցույթի մեկնարկը: Այս տարվա մրցույթն ուղղված է «դաշնամուր» մասնագիտությամբ շնորհալի երիտասարդ երաժիշտների բացահայտմանը: Մրցույթի նախընտրական փուլը հաղթահարել է 26 մասնակից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Ճապոնիայից, Լատվիայից, Թայվանից, Հարավային Կորեայից, Չինաստանից, Ռուսաստանից, Հայաստանից եւ այլ երկրներից:
3 ՏԱՐԻ` ՀԱՄԲՈՒՐԵԼՈՒ ՓՈՐՁԻ ՀԱՄԱՐ
Լոս Անջելեսի դատարանը 3 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել ուկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկին «Մալեֆիսենտա» ֆիլմի շնորհանդեսի ժամանակ Բրեդ Փիթի վրա հարձակման համար: Ուկրաինացի լրագրողը որեւէ կերպ չի մեկնաբանել դատարանի որոշումը եւ չի հայտնել՝ պատրաստվում է արդյոք կատարել հոգեբանին այցելելու պահանջը: Նա միայն նշել է, որ դատարանի նիստի ժամանակ չի համարձակվել կատակել եւ դատաքննությանը վերաբերվել է ամենայն լրջությամբ: Հիշեցնենք, որ կարմիր գորգի վրա հարձակվելով Փիթի վրա՝ լրագրողը փորձել էր ձեռք տալ եւ համբուրել հանրահայտ դերասանին:
ՄԱՀԱՑԵԼ Է ՅՈՒՐԻ ՎԱՐՈՒՄԸ
Մահացել է հայտնի երգչուհի Անժելիկա Վարումի հայրը՝ երգահան Յուրի Վարումը։ Ցավալի լուրը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Անժելիկայի ամուսինը՝ Լեոնիդ Ագուտինը։
«Դաժան հիվանդությունը ոչ մի հնարավորություն չի թողել նրան մի քիչ էլ մնալ մեզ հետ։ Նա պետք է դառնար 65 տարեկան։ Մեզ համար շատ դժվար է, մեր ամբողջ ընտանիքի, հատկապես՝ կնոջս համար։ Նրանք մի ընդհանուր օրգանիզմ էին, մի ամբողջություն։ Անժելիկան ընդմիշտ մեզ փոխանցել է հոր՝ զարմանալիորեն գեղեցիկ երգերի հավերժ հնչյունները։ Մենք ցավում ենք»,-գրել է Ագուտինը: