ՍՏՈՐԱԳՐԵՑ, ԲԱՅՑ ԿՍՏԵՂԾԻ՞
«Ժողովուրդ»-ն իր երեկվա համարում տեղեկացրել էր, որ Սերժ Սարգսյանը մտադիր է չստորագրել ու բյուջեում ֆինանսների բացակայության պատճառաբանությամբ ԱԺ վերադարձնել «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքը: Սակայն «Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո տարօրինակ արագությամբ սկսեցին զարգանալ իրադարձությունները, եւ երեկոյան արդեն նախագահական նստավայրը հաղորդագրություն տարածեց, որ Սերժ Սարգսյանը ստորագրել է այդ օրենքը: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, Ս.Սարգսյանն այդ քայլին գնացել է ստիպված. բանն այն է, որ մի կողմից՝ անձամբ Աղվան Հովսեփյանն է անհանգստացել, մյուս կողմից՝ Ս.Սարգսյանին տեղեկություններ են հասել, որ քննիչները, ովքեր պետք է մտնեին Քննչական կոմիտեի կազմում, դժգոհ են ու պատրաստ են անգամ բունտ անել: Բանն այն է, որ հիմա քննիչների աշխատավարձն այնքան էլ բարձր չէ, իսկ կոմիտեի դեպքում նրանք ստանալու են բավականին բարձր աշխատավարձ: Ի վերջո, Ս. Սարգսյանը գտել է փոխզիջումային տարբերակ՝ ստորագրել «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքը, բայց, այնուամենայնիվ, ֆինանսների բացակայության պատճառով դրա ստեղծումը հետաձգել: Այնպես որ, թեեւ օրենքը պաշտոնական հրապարակումից հետո 10 օրվա ընթացքում ուժի մեջ կմտնի, բայց Քննչական կոմիտեն կձեւավորվի ավելի ուշ:
ԱԶԱՏԵՑ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ աշխատանքից ազատել է կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Վիգեն Կտիկյանին: Որպես պաշտոնանկության պատճառ, նշված է Կտիկյանի՝ աշխատանքից ազատվելու մասին դիմումը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, սակայն, Կտիկյանի հրաժարականի պատճառը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմի անդամ լինելն է. ի դեպ, նա իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2007թ.՝ Կենտրոնական բանկից, երբ ԿԲ նախագահը Սարգսյանն էր: Ի դեպ, ուշագրավն այն է, որ Կտիկյանը վարչության պետ նշանակվել էր ամիսներ առաջ՝ այս տարվա մարտի 12-ից, մինչ այդ՝ 2012թ-ից սկսած եղել է վարչության պետի պաշտոնակատար:
ՆՇԱՆԱԿԵՑ
Գալուստ Սահակյանն իրեն խորհրդական է նշանակել Սեյրան Յուզբաշյանին: Վերջինս նախկինում ԱԺ իրավաբանական վարչության պետն էր, սակայն Հովիկ Աբրահամյանը նախորդ տարի նրան հեռացրել էր: Պաշտոնական պատճառաբանությունն ԱԺ իրավաբանական վարչության լուծարումն էր, որի փոխարեն ստեղծվել էր փորձաքննության վարչությունը՝ գրեթե նույն գործառույթներով, բայց առանց Յուզբաշյանի: Ըստ շրջանառվող լուրերի՝ իրականում Աբրահամյանը նրան հեռացրել էր, քանի որ ԱԺ-ում դժգոհ էին Յուզբաշյանից՝ աշխատակիցների հետ վատ վերաբերմունքի պատճառով: Ի դեպ, Ս.Յուզբաշյանը բավականին մտերիմ է Գ. Սահակյանի հետ, եւ վերջինիս՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար եղած ժամանակ նրա սենյակի անբաժան հյուրն է եղել: